Դատարանը գործել է շատ ճիշտ՝ դադարեցնելով քրեական հետապնդումը․ Էրիկ Ալեքսանյան

Վերաքննիչ քրեական դատարանում` նախագահությամբ Նարինե Հովակիմյանի, շարունակվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով լսումները։

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն անդրադառնալով Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Գևորգյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի որոշմանը, հայտարարեց․«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հիմնավոր որոշում»։
Նա ընդգծեց, որ որոշումը բավարարում է Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի պահանջները։
«Այստեղ այն իրավիճակը չէ, հարգելի դատարան, որ մենք գործ ունենանք հայեցողական քրեական հետապնդման ռեժիմի հետ, այստեղ գործ ունենք բացառապես իմպերատիվ քրեական հետապնդումը դադարեցնելու ռեժիմի հետ։ Այս պարագայում դատարանն ուղղակի այլընտրանք չուներ, քան քրեական հետապնդումը դադարեցնելը և վարույթը կարճելը»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ նշելով, որ հոդվածը հակասահմանադրական ճանաչվելուց հետո քրեական հետապնդման դադարեցման բազմաթիվ օրինակներ կան։

Նրա խոսքով, այս դեպքում էլ դատարանը չէր կարող բացառություն անել, գործել է շատ ճիշտ, օրենսդրության պահանջներին համապատասխան։