Լավ հարևաններ

Հատված Լեռ Կամսարի «Ծերուկների մանկապարտեզ» գրքից

Ազգերի պատմության մեջ չի հիշվում դեպք, որ երկու պետություններ, թուրքերի ու հայ բոլշևիկների նման մտերիմ, իրար համար մեռած հարևաններ լինեն։

Նրանց մեջ իմ ու քո չկա, ո՛չ նյութական, ո՛չ գաղափարական աշխարհում։

Մեկ էլ տեսար բոլշևիկյան Հայաստանի կառավարությունը Տաճկաստանի դուռը ծեծեց.

– Տաճի՛կ ջան, կարծեմ, դու քո երկրում բոլոր հայերին կոտորեցիր վերջացրիր։

– Համարյա թե, մի չնչին բան է մնում։

– Խնդրում եմ կացինդ տաս, տանեմ մեր երկրի դաշնակներին բնաջնջեմ` տամ։

– Դաշնակների՞ն։

– Այո։

– Աղաչում եմ թույլ տուր գամ, դրանց իմ սեփական ձեռքով բնաջնջեմ։ Դու չգիտես դրանք ամբողջ վաթսունհինգ տարի ինչ օյիններ խաղացին իմ գլխին։ Դրանցից առաջ հայերը ոչխարներ էին` հլու և հնազանդ։ Դրանք եկան պոզեր դրին գլխներին և սկսեցին անտեղի պահանջներ անել։

Ասում են` մեզ չպիտի կոտորեք, չպիտի թալանեք։ Եղա՞վ։ Բա հայը ինչի՞ համար է ստեղծված։

– Սուս կաց, ես այնպես կոտորեմ նրանց, որ քեֆդ գա։ Երբ նրանք Թիֆլիսում սպանեցին Ջեմալ փաշային` հայկական կոտորածի այդ անխոնջ մշակին, դրա փոխարեն ես տասը հազար դաշնակ բանտերը լցրած կոտորեցի։ Թուրք ջան, քեզ համար կյանքս չեմ խնայի։

– Մի հարց տամ,- ասաց Տաճկաստանը։

– Տուր,- ասաց բոլշևիկյան Հայաստանը։

– Ես կոտորում եմ հայերին` որովհետև թուրք եմ։ Ժամանակին միշտ կոտորել ենք հայերին, հիմա էլ կոտորում ենք։ Իսկ դո՞ւք ինչու եք կոտորում։ Չէ՞ որ դաշնակները հոժարակամ երկրի իշխանությունը հանձնեցին ձեզ և հպատակություն հայտնեցին։

– Դաշնակցությունը ժողովրդից սիրված կուսակցություն է և իր ծոցից այնպիսի հերոսներ է տվել, որոնց ժողովորդը պաշտում է։ Սերոբ Աղբյուր, Գևորգ Չավուշ, Քեռի, Համազասպ, Դրո, Արամ Փաշա։ Ո՞վ նպաստեց Անդրանիկին հերոս դառնալու։ Նա աչքի ընկավ Սասունի ապստամբությանը։ Ո՞վ կազմակերպեց այդ ապստամբությունը։ Սասունի ապստամբությունը կազմակերպեց Դաշնակցությունը։

Արդ, սիրելի Տաճկաստան, ժողովրդից այդքան սիրված կուսակցության մեջ, մենք` մի քանի օտարոտի բոլշևիկներս, չէինք կարող հեղինակություն վայելել։ Այդ պատճառով ահա կացինը տանում եմ նրանց ջարդելու։

– Էլի խնդրում եմ, ե՛ս ջարդեմ։ Մանավանդ էն խմբապետը Համազասպին, որ փրկեց Վանի ապստամբներին ու չթողեց կոտորել։

– Խոստանում եմ քո կացնով նրա ուղեղը ցրիվ տամ բանտի բակում։ Մի՞թե նա չէր, որ հայ թուրքական ընհարումներին Ղարաբաղը փրկեց թուրքերի կոտորածներից։ Տաճիկ ջան, քո շահերը ես միշտ բարձր եմ գնահատում իմ շահերից,- ասաց Հայաստանի բոլշևիկյան կառավարությունը և ավելացրեց.

– Շուտ արա, խնդրում եմ, կացինդ տուր, տանեմ նրանց կյանքին շուտ վերջ տամ։ Կգամ հետո կխոսենք։

Տաճկաստանը վար առավ պատից կախած կացինը, վրայի չորացած արյունը սրբեց և տալով բոլշևիկյան Հայաստանին ասաց.

– Միայն խնդրում եմ քարի չզարնես, գլուխները թռցնելիս միշտ գերան դիր տակը։

– Ես չեմ գլխատում, ուղեղն եմ փշրում։

– Լսի՛ր, հարևան,- ասաց Տաճկաստանը,- եթե անգութ մարդկանց պետք կունենաս, ասա իմ քրդերից ուղարկեմ, նրանք խիղճ ասված բանը չգիտեն ինչ է։

– Հե՜յ տնաշեն,- պատասխանեց «հայ» հարևանը։ – Մենք ունենք Ավիս և Գևորգ Աթարբեկյան, որոնք անգթության մեջ մրցակից չունեն։

– Հետո մի ուրիշ բան։

– Ի՞նչ,- հարցրեց «հայը»։

– Ամաչում եմ ասել…

– Մի՛ ամաչի, ասա՛։

– Թող Ռուսահայաստանը գրավեմ, կցեմ Տաճկահայաստանին։

– Ամենայն սիրով, սիրելիս, բայց այդ Հայաստանը խոսք եմ տվել Վրաստանին և Ադրբեջանին։ Նրանք իմ դարավոր դրացիներն են, և նրանց խնդրանքը չեմ կարող մերժել։ Հինգ տարի ժամանակ եմ խնդրել, որ Հայաստանը դատարկեմ և իրենց հանձնեմ։ Այս տարի արդեն հիսուն հազար հայ ընտանիք աքսորեցի Ալթայան երկիր։ Ամեն տարի այսքանը աքսորելով, շատ շուտով կդատարկեմ։

– Կեցցե՛ս,- գոչեց Տաճկաստանը հիացած։ Ես միշտ ասել եմ ու պիտի ասեմ։ Իր օրում հայն իր մասին երբեք չի մտածել, միշտ` օտարի։

– Ինչպես սոցիալիստները։

– Կարծեմ սոցիալիզմում մեկը բոլորի համար է, բոլորը մեկի։

– Մենք բոլոր մեծ պետություններին մեզ զոհեցինք։ Մեղավո՞ր ենք, որ նրանք աննամուս գտնվեցին հայերի հանդեպ…

Լեռ Կամսար, նոյեմբեր, 1965 թ.

Նյութը՝ Լեռ Կամսար Ler Kamsarֆեյսբուքյան էջից