Թագուհի Թովմասյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է գերեվարված անձանց ու անհետ կորածներին առնչվող հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Քննարկվեցին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո առաջացած իրավիճակին, Արցախյան հակամարտությանը վերաբերող առաջնային մարդասիրական խնդիրներին` այդ թվում հայ գերեվարված անձանց ու անհայտ կորածներին առնչվող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը կարևորեց ազատազրկված անձանց կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև նրանց վերադարձն ապահովելուն ուղղված քայլերի իրականացումը: ԿԽՄԿ ներկայացուցիչը բացատրեց կառույցի դերն այս հարցում` ընդգծելով պարբերական այցելությունների հնարավորությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատված բոլոր հայ գերիներին, ինչպես նաև նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի ապահովումը:

Երկուստեք անդրադարձ կատարվեց սահմանամերձ գոտիներում ստեղծված ծանր իրավիճակին, մասնավորապես քննարկվեցին բնակչության համար առաջացած և կենսական նշանակություն ունեցող խնդիրները:

Թիերի Ռիբոն ներկայացրեց ԿԽՄԿ-ի համակարգված աշխատանքը` նշելով, որ կառույցի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են զոհվածների, անհայտ կորածների և ազատազրկված անձանց ընտանիքների հետ, փորձում աջակցել նրանց: Նրանք նաև իրականացնում են գնահատում և արդյունքների մասին տեղեկատվություն տալիս իշխանություններին` գաղտնապահ երկխոսության ձևաչափով:

Թիերի Ռիբոյի խոսքով` ԿԽՄԿ-ն իրականացնում է բացառապես մարդասիրական և ապաքաղաքական գործունեություն հակամարտության առնչությամբ` աշխատելով տարածաշրջանում 1992 թվականից Երեւանում, Բաքվում ու Լեռնային Ղարաբաղում իր գրասենյակների միջոցով:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ պարբերաբար լինում է սահմանամերձ համայնքներում և քաջածանոթ է բնակիչների խնդիրներին: Ըստ նրա` այլևայլ հարցերից բացի, անհրաժեշտ է լուծում տալ նաև տուժած բնակիչներին փոխհատուցում տալու հարցին: