Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը «օրինական» է որակել Գորիս-Կապան ճանապարհի հատվածում իրանական բեռնատարներից վճարներ գանձելը

Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանել է Գորիս-Կապան ճանապարհի հատվածով անցնող տրանսպորտային միջոցներից ճանապարհային հարկի և այլ մաքսային վճարների գանձման վերաբերյալ տեղեկությունները, գրում է minval.az-ը:

«Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելիս և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Նախօրեին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։