Այսօրվա կարևոր խնդիրը Սյունիքն է, ինչ դատավոր, ինչ ԲԴԽ, ինչ Ջհանգիրյան․ Վահե Հակոբյան

Ամենաթողության ու ամեն ինչ զիջելու պայմաններում ադրբեջանական կողմը լկտիանում է։  Որոտանի մոտ ոստիկանական հենակետ են դրել և կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար են գանձում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հակոբյանը շեշտեց, որ այս մասին ԱԱԾ տարածած հաղորդագրությունում Որոտանը նշվում է ադրբեջանական անվամբ։

«Մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա ադրբեջանական տարա՞ծք է։ Սև լճի տարածքում էլ ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմռանը, այնտեղ ինժեներական աշխատանքներ են կատարում։ Այսօրվա կարևոր խնդիրը Սյունիքն է, ինչ դատավոր, ինչ ԲԴԽ, ինչ Ջհանգիրյան։ Այսօր Ադրբեջանը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը Հայաստանից»։

Վահե Հակոբյանն ընդգծեց, որ այս բոլոր խնդիրների լուծման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է։

Վահե Հակոբյանը շեշտեց նաև խնդրի տնտեսական կողմը․ «Սյունիքում բացի անվտանգային հարցերից՝ նաև տնտեսական խնդիր եմ տեսնում։ Այդտեղ 40 տոկոս ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից և սա վտանգված է»,- , Հակոբյանը։

«Այս իրավիճակում Սյունիքի համայնքապետները շարունակվում են կալանավորված մնալ։ Պատկերացրեք՝ Առուշ Առուշանյանը լիներ քաղաքում, ինչ էր կատարվելու։ Դրա համար մերժեցին Առուշ Առուշանյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը։ Շարունակվում է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի վրեժխնդրությունը։ Եթե մտածում է՝ ինքը ցմահ է նստելու այդ աթոռին, սխալվում է»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։