Դատախազությունն արձագանքել է բարերարի դստեր բաց նամակին. Ժառանգական գույքը հափշտակելու քրեական գործի նախաքննությունը կվերսկսվի

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր՝ Զարուհի Հայրապետյանի բաց նամակին՝ ուղղված ԱՀ իշխանություններին, և այդ կապակցությամբ հաղորդագրություն է տարածել:

«Վերոգրյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Լ. Հայրապետյանի ժառանգի  ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ. Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է ԱՀ դատախազության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը,  բաց նամակ էր հղել ԱՀ իշխանություններին, խնդրելով աջակցել Մարտակերտի շրջանի Վանք գյուղին ժամանակավոր հատկացված գույքի նկատմամբ սեփականության իրավունքները վերականգնելուն, քանի որ այն, ըստ նամակագրի, ապօրինի օգտագործվում է Մարտակերտի շրջանի  վարչակազմի  նախկին ղեկավար Էդգար Հարությունյանի և Վանք համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանի կողմից: