ԼՂ կարգավիճակի հարցը մնալու է Մինսկի խմբի օրակարգում. ԱՄՆ դեսպան

Մենք անում ենք հնարավորը, որպեսզի 2 կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև գտնում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք կարգավորվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով արցախյան հարցի կարգավորմանը:

«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Եվ, իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերում չի կարող լուծվել: Սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարևորում ենք, և ինչպես նշեցի, մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է. այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:

Դեսպանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել. «Ինչպես գիտեք` Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»: