9/11՝ 20-րդ տարելից. Ազգային միասնությունը միակ բանն է, որը երբեք չպետք է քանդվի. Բայդենը դիմել է տեսաուղերձով

Հազարավոր մարդիկ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, կհավաքվեն Նյու Յորքի կենտրոնում, Վաշինգտոնում և ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ հարգելու 2001թ. ահաբեկչության մոտ 3000 զոհերի հիշատակը:

20 տարի առաջ այդ օրն առևանգված 3 ինքնաթիռները բախվել են  Համաշխարհային առևտրի կենտրոնի երկնաքերերին և Պենտագոնին: Ինքնաթիռներից մեկում էլ ուղևորները դիմադրություն  են ցույց տվել ահաբեկիչներին, որի արդյունքում հավանաբար մեկ այլ շենք թիրախավորած ինքնաթիռը կործանվել է Փենսիլվանիա նահանգում:

Կատարվածից հետ Ուսամա բեն Լադենը և «Ալ Քաիդան» ստանձնել էին  պատասխանատվությունը, որին հաջորդել էր ԱՄՆ-ի պատերազմը Աֆղանստանում:

ԱՄՆ-ի ուժերը բեն Լադենին սպանել են 2011-ի մայիսին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող նրա առանձնատանը, ուր թաքնվում էր ահաբեկիչը իր ընտանիքի որոշ անդամների հետ:

vesti.ru-ն գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ հղված տեսաուղերձում կոչ է արել ամերիկացիներին չմոռանալ այն մասին, որ միասնությունը նրանց դարձնում է այնպիսին, ինչպիսին կան:

Բացի այդ, ԱՄՆ  նախագահն ասել է, որ սգո այս օրը Միացյալ Նահանգները հիշում է 2977 զոհերի մասին և մեծարում նրանց, ովքեր վտանգել և տվել են իրենց կյանքը: «2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո մենք ամենուր հերոսություն տեսանք` այնտեղ, որտեղ սպասվում էր և որտեղ չէր սպասվում: Մենք նաև բացառիկ բան տեսանք` ազգային միասնության, միասնության և տոկունության իսկական զգացում, տառապանքներին բախվելուց հետո վերականգնվելու ունակություն»,- ասել է Բայդենը։

Ջո Բայդենը նշել է, որ անձամբ իր համար սեպտեմբերի 11-ի հիմնական դասը եղել է՝ հասկանալ այն, որ ազգային միասնությունը միակ բանն է, որը երբեք չպետք է քանդվի:

«Միասնությունն այն է, ինչը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին մենք ենք՝ Ամերիկան իր լավագույն դրսևորումով»,- Սպիտակ տան ղեկավարը։