ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) ՝ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ հանդիպման, որի ընթացքում դիվանագետին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին: Այս մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ռուսական կողմն ունի անհերքելի ապացույցներ ամերիկյան «թվային հսկաների» կողմից Ռուսաստանի օրենսդրության խախտումների վերաբերյալ՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունների նախապատրաստման և անցկացման համատեքստում»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Կողմերը քննարկել են նաև «երկկողմ բնույթի» որոշ հարցեր: Լրացուցիչ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն նշվում:

Սալիվանը ժամանել է ԱԳՆ և այնտեղ մնացել մոտ 20 րոպե: