Անհարմար հարցեր` Սասուն Խաչատրյանին. ինչպե՞ս հաղթահարեց հարցուպատասխանի փուլը ՀՔԾ պետը

Նոր ստեղծվող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի երեք թեկնածուները հաղթահարեցին հարցուպատասխանի փուլը։
Մրցութային հանձնաժողովի նախագահ Համլետ Ասատրյանը, ամփոփելով գրեթե ողջ աշխատանքային օրը տևած հարցազրույցների արդյունքները, հայտնեց, որ մրցութային հանձնաժողովի անդամների գնահատմամբ` ՀՔԾ գործող նախագահ Սասուն Խաչատրյանը ստացել է 308 միավոր, Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Դավիթ Մկրտումյանը`257 միավոր, փաստաբան Գառնիկ Թորոսյանը` 302 միավոր։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։

Հանձնաժողովի անդամները գնահատել են նաև թեկնածուների բարեվարքությունը։ Այս ցուցանիշով առջևում Դավիթ Մկրտումյանն է, որի բարեվարքությունը գրահատվել է 121 միավոր, Սասուն Խաչատրյանի բարեվարքությունը հանձնաժողովը գնահատել է 112, Գառնիկ Թորոսյանինը`107 միավոր։

«Ինչպես պարզվեց` երեք թեկնածուներն էլ հաղթահարել են նվազագույն շեմը, և առաջարկում եմ կառավարություն ներկայացնելու համար հաստատել կայացված որոշումը»,– ասաց հանձնաժողովի նախագահը։

Հանձնաժողովի 4 անդամները միաձայն հաստատեցին թեկնածուների ստացած միավորները։

Նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնի ղեկավարին կնշանակի վարչապետը` առաջնորդվելով մրցույթի արդյունքներով։

Նշենք, որ հարցուպատասխանի փուլում հանձնաժողովի հետաքրքությունը հիմնականում կենտրոնացած էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վրա։

Հանձնաժողովի անդամներն, օրինակ, հետաքրքրվեցին` արդյո՞ք Խաչատրյանն ավտոմեքենա չունի, որ հայտարարագրում շարժական գույք չի հայտարարագրել։

ՀՔԾ պետը պարզաբանեց, որ սեփական ավտոմեքենա չունի, բայց անհրաժեշտության դեպքում կնոջ եղբոր ավտոմեքենան է վարում։

«Ես շատ քիչ եմ մեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա, առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ: Եթե ավտոմեքենա վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ, տրամադրում է, վարում եմ, – ասաց Խաչատրյանը,– այդ մեքենան, եթե չեմ սխալվում, 2011 կամ 2012 թվականի արտադրության է, Porsche Cayenne մակնիշի»:

Հանձնաժողովին նաև հետաքրքրեց 2017 թվականին Սասուն Խաչատրյանի կնոջ ստացած 2,5 մլն դրամի և 1600 դոլար նվիրատվությունը։

Խաչատրյանը պարզաբանեց, որ այդ ժամանակ ինքը Հայաստանում չի եղել, իսկ իր դուստրը հրավեր էր ստացել Հունաստանի համալսարաններից մեկից, և դեսպանատունը մուտքի արտոնագիր տալու համար պահանջել է, որ ծնողներից մեկի հաշվին որոշակի գումար լինի` որպես երաշխիք, որ երեխան այդ երկրում ապահովված կլինի։

Ու դարձյալ հիշատակվեց կնոջ եղբոր անունը։

«Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը՝ Տիգրան Գևորգյանին, խնդրել էր իր անունով բացված հաշվեհամարին փոխանցել նշված գումարը»,– ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ճիշտ 45 րոպե հետո այդ գումարը հանվել է ու վերադարձվել տիրոջը` Տիգրան Գևորգյանին։

Նշենք, որ 2020թ–ի դեկտեմբերին ընդունված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով` կոմիտեի նախագահին նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում:

Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթները: