Այս օրերին շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ, հատկապես, Իրանը ռազմական օգնություն չի տալիս Փանջշերին․ Իրանագետ

Այս օրերին շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ, հատկապես, Իրանը ռազմական օգնություն չի տալիս Փանջշերին։ Այս մասին տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը։

«Եվ ահա, օրեր առաջ ԻՀՊԿ «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Էսմայիլ Ղաանին հրավիրվել էր ԻԻՀ Խորհրդարան և արտահերթ նիստի ժամանակ մանրամասն զեկուցել Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ՝ հիմնավորելով նաև Իրանի ներկայիս դիրքորոշումը։

Ըստ Ղաանիի՝ ԱՄՆ-ը, հեռանալով Աֆղանստանից և փաստացի երկրի ղեկավարումը հանձնելով Թալիբանին, հետապնդում է մի քանի նպատակը, որոնցից ամենակարևորն ու վտանգավորն Իրանի համար այն է, որ փորձ է կատարվում Իրանի և սուննիական աշխարհի միջև մեծ բախում հրահրել, ուստի սա հաշվի առնելով չպետք է տրվել Միացյալ Նահանգների սադրանքներին և գնալ բախման, այլ պետք է ցանկացած գնով և գործիքակազմով հասնել նրան, որ Աֆղանստանում ոչ միայն չվնասվեն ԻԻՀ շահերը, այլև երկխոսության, ակտիվ նախաձեռնողական դիվանագիտության շնորհիվ հասնել այն բանին, որ Իրանի ազդեցությունն այդ հատվածում զգալի լինի։

Հետաքրքիր և ուշագրավ դիրքավորում է, որն, ըստ իս, Իրանից պահանջում է նուրբ ու չափազանց հաշվենկատ դիվանագիտության բանեցում։

Պատկերավոր ասած՝ Իրանը քայլում է ածելիի շեղբի վրայով, մի անզգույշ քայլ և ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, հակառակ պարագայում՝ Աֆղանստանում Իրանը կարող է գրանցել լուրջ հաջողություններ»,- գրել է իրանագետը։