ՀՔԾ–ն մերժել է պատգամավորներ Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրեական գործի հարուցումը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ազգային ժողովում օգոստոսի 24–ին տեղի ունեցած ծեծկռտուքի  ժամանակ պատգամավորներ Աննա Մկրտչյանին և Արծվիկ Մինասյանին առնչվող դրվագներով քրեական գործի հարուցումը։  NEWS.am-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ առկա հիմքեր չեն եղել քրեական գործ հարուցելու համար։

Նշենք՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցը դուր չէր եկել ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներին։ ԱԺ նախագահը նախազգուշացում էր հայտարարել Աննա Մկրտչյանին, իսկ երբ պատգամավորն իր խոսքում օգտագործել էր կապիտուլյանտ  բառը, Ալեն Սիմոնյանը նրա բարձրախոսն անջատել էր, որից հետո էլ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր և ծեծկռտուք սկսվել իշխող և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև։ Անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից դուրս էին հրավիրել Աննա Մկրտչյանին, որի ընթացքում պատգամավորը վնասվածնքեր էր ստացել. նրա համար շտապ օգնություն էր կանչվել խորհրդարան։

Միջադեպի հետևանքով վնասվածք էր ստացել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը. պատռվել էր նրա վերնաշապիկը։

Միջադեպից ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, Աննա Մկրտչյանն ասել էր, որ պարանոցի, ձեռքերի և ոտքերի հատվածում է վնասվածքներ ստացել։

Արծվիկ Մինասյանն էլ ասել էր, որ Պետական պահպանության ծառայության պետը հանցագործություն է կատարել՝ ոչ միայն ցուցումներ տալով, այլև անմիջականորեն ներգրավվելով անհամաչափ ուժի կիրառման մեջ։

«Անհամաչափ ուժ կիրառելով և անվայելուչ պահվածքով՝ փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հանել, ինչին ընդդիմացա ես՝ բարձրաձայնելով որ նախ ընդդիմջում է հայտարարված, և որ պատգամավորիը կիրառված միջոցը կամավոր կկատարի, սակայն նրանք ոչ միայն չդարեցրեցին, այլ նաև հարձակվեցին ինձ վրա։ Ինձ հարվածել են ՊՊԾ պետը և մի շարք աշխատակիցներ։ Պատռվել է վերնաշապիկս, հարված եմ ստացել ճակատիս, ոտքերիս։ Սա պետք է ընդունվի որպես պաշտոնական հաղորդում հանցագործության մասին։ Սրանք բոլորը վկայությունն են այն բանի, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,-  լրագրողների հետ զրույցում ասել էր Մինասյանը։