Լատվիայի դեսպանն ասել է, որ ԵՄ երկրները «նոր խնդիրներ չեն ուզում» Ուկրաինայի պատճառով

ԵՄ-ը Ուկրաինայի եվրոպական հեռանկարի վերաբերյալ ընդհանուր պատկերացում չունի, մինչդեռ համայնքի որոշ երկրներ «դրա ընդլայնման համար հիմքեր չեն տեսնում», – «Եվրոպական պրավդա» -ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Լատվիայի դեսպան Յուրիս Պոյկանսը: Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Չէի ցանկանա շահարկել՝ 10, 20 կամ 30 տարի (ԵՄ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության ժամկետը): Ի վերջո, այսօր մենք Եվրոպական միությունում ընդհանուր պատկերացում չունենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարների վերաբերյալ»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունը համայնքի 27 անդամ-երկրների կոնսենսուսի հարց է: «Եվ քանի դեռ այն չկա, շատ դժվար է խոսել ինչ-որ ժամկետի մասին: Այս 27 երկրները Ուկրաինայի վերաբերյալ շատ տարբեր հայացքներ ունեն, և նրանցից ոմանք Եվրամիության ընդլայնման հիմքեր դեռևս չեն տեսնում», – շեշտել է Պոյկանսը:

Ընդ որում, այն երկրները, որոնք դեմ չեն համայնքում նոր անդամների ընդունմանը, ցանկանում են դրանում տեսնել այն պետությունները, որոնք «արդեն պատրաստ են միանալ,- բացատրել է դիվանագետը:- Ոչ ոք չի ուզում նոր խնդիրներ», – նշել է նա:

Ըստ Պոյկանսի, եթե Ուկրաինայում բարեփոխումները շարունակվեն և «որոշակի առաջընթաց» գրանցվի, հավանաբար, կկարողանա իր միացման հարցը բարձրացնել ինչպես Բրյուսելում, այնպես էլ ԵՄ այլ մայրաքաղաքներում: «Այդ դեպքում Ուկրաինան կունենա բոլոր հիմքերն ասելու, որ ցանկանում է ավելին, քան պարզապես Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը», – եզրափակել է դեսպանը: