Խաչվերացի տոնին ընդառաջ Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում

Խաչվերացի տոնին ընդառաջ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 13:00, Արարատի մարզի Սուրբ Կարապետ վանական համալիրի բակում տեղի կունենա բացօթյա միջոցառում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների անսամբլի մասնակցությամբ: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Լևոն Թևանյանը: Այս մասին հայտնել են անսամբլից։

Խաչվերացը քրիստոնեական տոն է, որը տոնվում է Հայ Առաքելական Եկեղեցու, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար հինգերորդ և վերջին տոնն է։