Աֆղան տղամարդը ստիպված վաճառել է դստերը` ընտանիքը քաղցից փրկելու համար

Աֆղանստանի բնակիչ Միր Նազիրը պատմել է, որ ստիպված է եղել 4 տարեկան երեխային վաճառել 590 ԱՄՆ դոլարով, որպեսզի յոթ հոգանոց ընտանիքը սովից փրկի: Այս մասին նա ասել է Times- ին: Գրում Է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայրը պատմել է, որ անզավակ խանութի սեփականատերը 20 հազար աֆղանի է առաջարկել՝ մոտ 236 դոլար, որպեսզի իր դուստր Սաֆիան ապրի գործարարի հետ և աշխատի նրա խանութում, բայց Նազիրը չէր կարող երեխային այդքան ցածր գնով տալ և խնդրել է 50 հազար աֆղանի՝ մոտ 590 դոլար…

Տղամարդը խոստովանել է, որ ստիպված է եղել դա անել հանուն ընտանիքի:

«Դա ընտրության հարց չէ: Խնդիրը հուսահատության մեջ է», – նեղսրտել է նա:

Հայրը պատմել է, որ նախկինում Գազնի քաղաքում ոստիկան էր, բայց կորցրել է աշխատանքը և կնոջ ու հինգ երեխաների հետ փախել է Քաբուլ` մայրաքաղաք թալիբների ժամանելուց մի քանի օր առաջ:

«Մենք դեռ քննարկում ենք: Եթե նա աշխատի խանութում, գուցե նրա ապագան ավելի լավը լինի, քան ինձ հետ, և այդ գումարը փրկի իմ ընտանիքը», – ավելացրել է տղամարդը:

Օգոստոսին, Աֆղանստանից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին, թալիբները գրավել են բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները և հայտարարել են  քսանամյա պատերազմի ավարտի մասին: Նրանց վերահսկողության տակ չմտնող միակ նահանգը Փանջշիրն է՝ Քաբուլից հյուսիս -արևելք, որտեղ հավաքվում են դիմադրության ուժերը: