ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կանցկացվեն Աֆղանստանի հետ սահմանին

ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերին Տաջիկստանում, աֆղանական սահմանի անմիջական հարևանությամբ, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին ասել է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Արագ ծավալման հավաքական ուժերից բացի՝ մենք ունենք նաև օպերատիվ արձագանքման ուժեր, դրանք մեր կազմակերպության ավելի հզոր բաղադրիչն են, որոնք էլ հենց հոկտեմբերին կմասնակցեն զորավարժություններին Տաջիկստանի վարժադաշտում, Աֆղանստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ»,- ասել է նա։

ՀԱՊԿ Կենտրոնասիական տարածաշրջանի Արագ ծավալման հավաքական ուժերի «Ռուբեժ-2021» զորավարժությունները տեղի են ունենում Ղրղզստանի Էդելվեյս վարժադաշտում։ Դրանք մեկնարկել են սեպտեմբերի 7-ին։

Վարժանքների ընթացքում սեպտեմբերի 9-ին զինծառայողները համատեղ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել և փորձարկել ՀԱՊԿ պայմանական անդամ պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների վերացման պատրաստություն և մարտական գործողություններ։

Ինչպես նշել է Սիդորովը, զորավարժությունների եզրափակիչ փուլին անձնակազմը ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստության և համակարգված գործողությունների բարձր մակարդակ։