Ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում են բջջային կապի և համացանցի սփռումը. Արցախի ՄԻՊ

Մեկ ամսից ավելի է բջջային կապը և համացանցն աշխատում են խափանումներով։ Ադրբեջանական կողմը հատուկ տեխնիկական միջոցներով խլացնում է բջջային կապի և համացանցի սփռումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Սա նախկինում ևս լինում էր, բայց այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք էին այցելում Արցախ»,- ասաց Ստեփանյանը նշելով, որ խնդրի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին։

Ջրի հարցը Արցախում խիստ է արտահայտված։ Ստեփանակերտում բնակչության 20 %-ը  զրկված է ջրից, համայնքների մեծ մասում այդ խնդիրը գրեթե 80 %-ով է արտահայտված։ Կան համայնքներ, որտեղ ջրամատակարարումը ռեժիմով է, կարող է շաբաթվա ընթացքում մեկ-երկու օրով ունենան։

«Խնդիրը մի քանի գործոններով է պայմանավորված։ Առաջին գործոնը տաք եղանակային պայմաններն են և ջրային ռեսուրսների սակավությունը, երկրորդը Ստեփանակերտի բնակիչների աճն է, իսկ երրորդ գործոնն այն է, որ ջրային որոշ ռեսուրսներ մնացել են ադրբեջանական օկուպացիայի տակ»։

Խոսելով Ստեփանակերտում պարբերական բնույթ կրող հոսանքազրկումների մասին՝ Գեղամ Ստեփանյանը շեշտեց, որ դրանք լուրջ անվտանգային խնդիրներ կարող են առաջացնել։ «Սա պայմանավորված է նրանով, որ Արցախը մեծամասամբ սնվում է Սարսանգի ջրամբարին կից կառուցված ՀԷԿ-ից, որի հզորությունը չի բավականացնելու Արցախի ամբողջ տարածքը հոսանքով ապահովելուն, դրա համար պարբերաբար խափանումներ են լինում։ Եթե հստակ քայլեր չձեռնարկվեն էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար, եկող տարվա աշնանը լուրջ խնդիրներ ենք ունենալու»։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց, որ Ստեփանակերտի բնակչությունը ավելացել է շուրջ 13.000-ով, և սրանով սրվել է բնակարանային ապահովման հարցը։ «Պատերազմից առաջ ևս Ստեփանակերտում բնակարանային ֆոնդի լուրջ խնդիր կար, հիմա այդ խնդիրը ավելի խիստ է արտահայտվում, մարդկանց մի մասը տեղավորվել է հյուրանոցներում, մի մասը հանրակացարաններում, քիչ թե շատ կարգի բերված նկուղներում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովված չեն»։