Բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել․ մեղավորների բուրգի գագաթին Ջալալ Հարությունյանն է․ զինծառայողի ծնող

Մենք ինքնուրույն հետաքննություն անցկացնելով՝ ահագին մանրամասներ ենք պարզել և հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուներն ու մեղավորները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ասուլիսում ասաց Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Արմեն Ասրյանը։

Նա պատմեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում հրետանային դիվիզիոնը հայտնվել է հակառակորդի դիվերսիոն խմբի ներգործության տակ, ինչի հետևանքով 21 զինծառայող անհետ կորել է։

«Մենք ինքնուրույն հետաքննություն անցկացնելով՝ ահագին մանրամասներ ենք պարզել և հասկացել ենք, թե ովքեր են անմիջական պատասխանատուներն ու մեղավորները։ Մեր դիմումների համաձայն քրեական գործ է հարուցվել, օրերս դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանը ձերբակալվել է»,- ասաց նա։

Զինծառայողի ծնողը պատմեց, թե ինչ են պարզել սեպտեմբերի 27-ից սկսած մարտական գործողությունների վերաբերյալ.

«Մարտական գործողությունները սկսելով, դիվիզիոնը զորամասի կազմում զբաղեցրել է իր կիրառման շրջանում, որը գտնվում էր Աղդամի ուղղությունում, այնուհետև զբաղեցրել է իր հիմնական կրակային դիրքերը Վազգենաշեն բնակավայրում։ Այնտեղից կատարել է իր մարտական գործողությունները մինչև հոկտեմբերի 5-ը։ Հոկտեմբերի 5-ին խնդիր է ստացել՝ երթ կատարել դեպի Հադրութի ուղղություն։ Ինչպես գիտենք, մեր ստորաբաժանումներն այդ ուղղությամբ բավականին ծանր վիճակում էին հայտնվել։ Հադրութի շրջանում այդ դիվիզիոնը զբաղեցրել էր կրակային դիրք՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Վերադաս հրամանատարության կողմից ՊԲ հրետանու պետի ցուցման համաձայն նրանք առաջ են շարժվել դեպի Հադրութ քաղաք, անցնելով քաղաքը, 9-րդ կիլոմետր կոչվող տեղամաս կա, այդ շրջանում կրակային դիրքեր են զբաղեցրել։ Պարզվել է, որ այդ կրակային դիրքերը զբաղեցնում են հակահարված իրականացնելու համար։ Հակահարված իրականացնելու որոշում ընդունողները իմ կարծիքով կոպիտ խախտում են արել, քանի որ հակահարված իրականացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3 պայմանների ապահովում՝ հակառակորդը պետք է կանգնեցված լիներ, բայց այդ ժամանակ հակառակորդը չի կանգնեցվել, հակառակորդը չպետք է ունենար մոտակա ռեզերվներ, որը ունեին և մենք պիտի ունենայինք բավականին ռեզերվներ, որ իրականացնեինք այդ հակահարվածը։ Փաստացի, բանակի ղեկավարությունը մարտի դաշտ էր նետել իր վերջին ուժերը և գլխովին շարքից հանել»։

Ըստ նրա՝ այդ երկու զորամասերը տարիներ շարունակ այդ տարածքում որևէ մարտական գործողությունների վերաբերյալ զորավարժություններ չեն անցկացրել. «Այսինքն՝ այդ տեղանքը նրանց համար լրիվ անծանոթ էր, թեժ մարտական գործողությունների արդյունքում մեծ հավանականություն էր շփոթվել և կատարել կոպիտ սխալներ։ Հակահարվածի ձախողումից հետո մի կերպ այդ դիվիզիոնը «9-րդ կիլոմետր» տեղանքից մազապուրծ կարողանում է դուրս պրծնել, այնտեղ թողնելով որոշակի տեխնիկա և գույք, քանի որ հրաձգային զենքի կրակոցներ էին լսվում, իսկ հրետանին գտնվելով բավականին խորքում, չպետք է այդ կրակոցների ձայնը լսեր։ Վերադառնում են «Ջրաշխարհ» կոչվող տեղամասը, որտեղ ունեին կրակային դիրքեր, սակայն հրամանատարությունը՝ հանձինս հրետանու պետի՝ Գենադի Բաղդասարյանի, ցուցում է տալիս, որ շատ եք հետ գնացել, դեպի առաջ զբաղեցրեք կրակային դիրք, որպեսզի այնտեղի խնդիրներ կատարեք։ Հրամանատարները ուսումնասիրում են տեղանքը և կրակային դիրք են ընտրում «Ջուվառլու» կոչվող տեղամասում, դա արդեն հոկտեմբերի 8-ն էր։ Կրակային դիրքը կահավորում են և դիվիզիոնը զբաղեցնում է զբաղեցնում է կրակային դիրք և սկսում է խնդիրներ կատարել։ Հրետանու պետի կողմից հրաման էր տրվում, Հադրութի ուղղությամբ կրակել, չնայած նրան, որ այդ դիվիզիոնի հիմնական ուղղությունը դեպի իրենց ստորաբաժանումների կողմն էր, ավելի շատ դեպի արևելք, բայց խնդիրները տրվում էին դեպի հարավ՝ Հադրութի ուղղությամբ»։

Նա պատմեց, որ այդ ուղղությամբ 2 օր թեժ մարտեր են ընթացել, որի ընթացքում հոկտեմբերի 10-ին դիվիզիոնի 3-րդ մարտկոցը ԱԹՍ-ների կողմից խոցվել է. «Թույլտվություն վերցնելով բանակի հրետանու բաժնից, դիվիզիոնը հետ է նահանջում, նորից զբաղեցնում կրակային դիրքեր՝ «Ջրաշխարհ» կոչվող տեղամասում։ Սակայն մի քանի ժամ անց կրկին գնդապետ Բաղդասարյանի կողմից ցուցում է տրվում, թե այդ ինչ եք անում, շատ եք հետ գնացել, առաջ գնացեք, այլ տեղ ընտրեք, բայց այդ ժամանակաշրջանում թեժ մարտեր էր ընթանում և այլ տեղ ընտրել և կահավորել հնարավոր չէր։ Դիվիզիոնը հրամանատարական կազմն այլընտրանք չունենալով՝ կրկին զբաղեցնում է «Ջուվառլուի» կրակային դիրքը, քանի որ բաց տարածությունում կրակային դիրք  զբաղեցնելը առանց անձնակազմի թաքստոցների, դա հավասարազոր էր ինքնասպանության։ Նրանք կրկին վերադառնում են այդ կրակային դիրք և շարունակում կրակային խնդիրներ կատարել ու կրկին Հադրութի ուղղությամբ։ Նրանք գրեթե իրենց զորամասի ստորաբաժանումների օգտին խնդիրներ չեն կատարել, բոլորը ուղղված էին Հադրութի ուղղությամբ։ Պահ էր եկել, որ կրակային հեռավորությունը 4-5 կմ էր։ Դիվիզիոնի հրամանատարությունը չէր կարողանում ճշտել, թե որտեղ է գտնվում հակառակորդը, որտեղ է առաջնագիծը։  Զորամասի հրամանատարական կետը, որը պարտավոր էր ղեկավարել զորամասի ստորաբաժանումները, գտնվում էր Աղդամի ուղղությունում»։

Արմեն Ասրյանի խոսքով՝ երբ արդեն ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվում և պարզ է դառնում, որ մերոնք չեն, այլ թշնամին, դիվիզիոնի հրամանատարը հրահանգում է դուրս գալ, նահանջել՝ ով ինչպես կարող է։ «Դիվիզիոնի շտաբի պետը գտնվել էր երկու մարտկոցների արանքում՝ փլված տների հետևի հատվածում, լսելով նահանջելու հրահանգը, ոչ թե նահանջում է, այլ փախչում, այնինչ պիտի նահանջը կազմակերպեր, նույնիսկ մեկ զինծառայող չի հասցնում նստել նրա մեքենան»,-ասաց նա։

Ծնողը նշեց, որ չկրակելու հրամանը տվել է  ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը. «Նրանք անմիջապես կապ էին պահում հրետանու կառավարման կետի հետ, վերջինս անմիջապես տվյալները փոխանցում է մարտական կառավարման կետ, որտեղ գտնվում է բանակի հրետանու պետը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը։ Հետագայում հանդիպելով Բաղդասարյանի հետ, թե որտեղից իրեն այդ տեղեկությունը, նա ասաց, որ ստացած այդ զեկույցը մարտական դիրքից ինքը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ասել, որ կա զորքերի տեղաշարժ այդ ուղղությամբ եւ ճշտել՝ ովքեր են, Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, չկրակեք», ասաց նա, ապա ընդգծեց, որ մեղավորների բուրգի գագաթնակետին Ջալալ Հարությունյանն է։

Ծնողի խոսքով, իրենք ուսումնասիրություններ են կատարել և պարզել, որ 21 զինծառայողներից առնվազն 15-ը զոհվել են, 10 մարմին միայն առկա տեսագրությունում է երևում։