Վարչապետ ու պատգամավոր, դատախազ ու դատավոր՝ օրենքի շնորհիվ արտոնյալներ
Շրջանառության մեջ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Փոփոխություններով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը։
Որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։
Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:
Այս պարտականությունը տարածվում է նաև «քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների»։
Նախագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարությունը։Եթե այն ընդունվի, սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից: