Պեկինը ուշադիր հետևում է Ռուսաստանին և ՆԱՏՕ-ին

Չինաստանը ուշադիր հետևում է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին: Չինացիները նկատում են այդ հարաբերությունների մի քանի կարևոր նրբերանգներ. ակնհայտ է, որ Պեկինը վախենում է «կրկնակի խաղից»՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից: Այս առումով ուշագրավ է սեպտեմբերի 7-ին չինական Sina.com լավատեղյակ կայքում հրապարակված նյութը: Հայաստանի քաղաքացիների համար կարևոր է իմանալ, թե ինչ են նկատել չինացիները:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 19-ին Բալթյան նավատորմի ծովային հետևակայինները Կալինինգրադի մարզում հակադեսանտային ռազմական զորավարժություններ են անցկացրել: Չնայած այդ զորավարժությունների շրջանակը սահմանափակ էր (ընդհանուր առմամբ ներգրավված էին ավելի քան 600 զինծառայող և ավելի քան 70 միավոր ռազմական տեխնիկա), այս գործողությունը Ռուսաստանի համար շատ ուժեղ հակաքայլ է, նշում է Sina.com-ը: Որոշ ռազմական փորձագետներ նշեցին, որ այս կերպ ռուս զինվորականները ոչ միայն զգուշացնում են ՆԱՏՕ-ի երկրներին, որ չպետք է ունենան «անհարկի հավակնություններ» Կալինինգրադի վերաբերյալ, այլև կրկին համապատասխան երկրներին ցույց տան ռուսական էքսկլավի հատուկ ռազմավարական նշանակությունը և Ռուսաստանի բանակի վճռականությունը՝ պաշտպանելու իր երկրի տարածքը: Այս տարվա սկզբին ամերիկյան «Military Strategy Magazine»-ը հրապարակեց մի հոդված, որում նշվում էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության դեպքում առավելության հասնելու համար ամերիկացիները նախ պետք է գրավեն Կալինինգրադը: Եթե ​​հետևենք հաջորդող իրադարձություններին, ապա կնկատեք, որ ԱՄՆ ղեկավարությամբ ՆԱՏՕ-ի երկրները նույնպես մեծացրել են Կալինինգրադի մերձակայքում Բալթիկ ծովում զորավարժությունների հաճախականությունը` զուր փորձելով վախեցնել Ռուսաստանին: Այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի այս տարածաշրջանից, քանի որ սա նրա «սվինն է Եվրոպայի կոկորդին», գրում են չինացիները:

Կալինինգրադի մարզը՝ Ռուսաստանի Դաշնության ամենափոքր տարածաշրջանն է, այն ունի եզակի աշխարհագրական դիրք: Այս տարածքը գտնվում է ուղիղ գծով՝ Գերմանիայից, Շվեդիայից, Հունգարիայից և արևմտյան այլ երկրներից ընդամենը 400-600 կիլոմետր հեռավորության վրա: Թեև Կալինինգրադի դիրքը կարծես ավելի շատ ներղմված է եվրոպական երկրների մեջ, սակայն ելնելով Բալթիկ ծովից, այս տարածաշրջանը, ընդհակառակը, օգնում է Ռուսաստանին զսպել ՆԱՏՕին: Այդ պատճառով Ռուսաստանը շարունակում է ռազմական նավահանգիստներ և համապատասխան ռազմակայաններ կառուցել տարածքում: Տարածաշրջանի ամենամեծ ռազմածովային բազան՝ Բալտիյսկը, սկսել են արդիականացնել՝ չնայած Ռուսաստանի ռազմական բյուջեի սահմանափակությանը: Ակնկալվում է, որ բազայի արդիականացումը կավարտվի, բազան շահագործման կհանձնվի այս տարվա վերջին, և հետագայում այն ​​կկարողանա ոչ միայն թույլատրել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի հածանավերի (կրեյսերների) խարիսխը, այլև ապահովել նյութական և տեխնիկական կարիքները բոլոր տեսակի միջուկային սուզանավերի (ՄՍՆ) երկարաժամկետ տեղակայման համար: Սա նշանակում է, որ այս արդիականացումից հետո Ռուսաստանի ռազմածովային ուժերը, ամենայն հավանականությամբ, Կալինինգրադում կտեղակայեն մեկ կամ մի քանի միջուկային սուզանավեր, որոնք կարող են երկարաժամկետ զսպում ապահովել ՆԱՏՕ-ի երկրներին: Ավելին, տարածաշրջանում միջուկային սուզանավերի տեղակայումից հետո նույնիսկ դրանցից արձակված սովորական հրթիռների օգտագործումը բավական կլինի «ծածկելու» եվրոպական հիմնական երկրները, ինչը զգալիորեն կնվազեցնի Եվրոպային զսպելու Ռուսաստանի ծախսերը: Այս քայլը կարելի է բնութագրել որպես շահավետ բոլոր առումներով:

Բացի դրանից, 2014 թ. Ռուսաստանն արդեն տեղակայել է «Իսկանդեր» հրթիռային համակարգը Կալինինգրադում: Այս տեսակի հրթիռների տեղակայումը հատկապես մտահոգում է ՆԱՏՕ-ի շատ երկրներին: Նրանց հավաստմամբ, ռուսական հրթիռների տեղակայման ծրագիրը ոչ միայն լարվածություն է առաջացրել տարածաշրջանում, այլև խախտել է համապատասխան միջազգային պայմանագրերը: Այս մեղադրանքի հիմնական պատճառն այն է, որ «Իսկանդեր» հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել: «Իսկանդերը» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է (ՕՄՀՀ), և նրա հրթիռներն օգտագործում են կոշտ վառելիքի շարժիչներ, որոնց պատճառով դրանց նվազագույն հեռահարությունը 50 կիլոմետր է, իսկ առավելագույն հեռահարությունը՝ 480 կմ: Ըստ ռուսական կողմի, այս տեսակի հրթիռները ունեն ոչ միայն մեծ արագություն՝ հաղթահարելով թշնամու հակաօդային պաշտպանության համակարգերը, այլ՝ դրանք կարող են մարտավարական մանևրներ կատարել ներթափանցման գործընթացում, ուստի դրանք չափազանց դժվար է որսալ: Բայց ամենակարևորը, նման հրթիռները կարող են կրել միջուկային մարտագլխիկ՝ 10-50 կիլոտոն պայթուցիկ հզորությամբ, և միայն մեկ այդպիսի մարտագլխիկը բավական է՝ Կալինինգրադի շուրջ ամերիկյան զինվորականների կողմից կառուցված բոլոր խոշոր ռազմակայանները ոչնչացնելու համար, այնպես որ կարելի է պատկերացնել այս սպառնալիքի ուժը:

Միևնույն ժամանակ, 2019-ի մարտին ռուսական բանակը Կալինինգրադի մարզում տեղակայեց նաև Ս-400 Triumph զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) հակաօդային պաշտպանության գունդը: Չնայած, ըստ ռուսական կողմի, դա պետք է ամրապնդեր Կալինինգրադի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ակնհայտ է, որ դա այս ԶՀՀ-ի առաջադրանքների միայն մի մասն է: Բոլորին է հայտնի, որ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգը հագեցած է վաղ նախազգուշացման և կրակի կառավարման հիանալի ռադարներով: Հաշվի առնելով Կալինինգրադի մարզի հատուկ աշխարհագրական դիրքը, այս տեսակի տեխնիկայի տեղակայումը թույլ կտա ռուսական բանակին լիովին վերահսկել տարածաշրջանում օդային ուժերը: Սա զգալիորեն թուլացնում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների կողմից օդային վտանգը:

Վերոնշյալ երեք տեսակի ռազմական սարքավորումների տեղակայման համապատկերին Ռուսաստանը չափազանց լավատեսորեն է տրամադրված Կալինինգրադի մարզի հատուկ ռազմավարական նշանակության վերաբերյալ: Մինչ օրս ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ի գլխավորած այլ պետություններ հաճախակի ճնշումներ են գործադրում և սպառնում Ռուսաստանին շարունակվող զորավարժություններով: Սա բնականաբար ստիպեց Ռուսաստանին ձեռնարկել հակաքայլեր: Իրար մարտահրավեր նետելու փոխարեն՝ ավելի լավ չէ՞ հարվածել սրտին: Իսկ Կալինինգրադը ռուսական խնդրի հիանալի լուծում է: ՌԴ-ն ստեղծում է ռազմավարական հենակետ, և այժմ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները տեսնում են, թե ինչի է հանգեցրել Մոսկվայի վրա «ճնշում գործադրելու» փորձը, եզրափակում է չինական կայքը:

Սերգեյ Շաքարյանց