Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու մասին որոշումը չի հակասում ՀՀ օրենքներին և սահմանադրությանը․ նախարար

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու մասին որոշումը չի հակասում ՀՀ օրենքներին և սահմանադրությանը: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«ՀՀ-ում գործում է բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ենթաօրենսդրական ակտերը բխում են օրենքներից, այսինքն այն նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում է: Իսկ գիտենք, որ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում: Այսինքն որևէ խնդիր այստեղ սահմանադրության, օրենքների հետ մենք չունենք», – ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե աշխատողը պատվաստված չլինի, պետք է 14 օրը մեկ թեստավորվի և թեստի բացասական պատասխան ներկայացնի գործատուին: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: Բացառություն է արվում միայն հղիների և հակացուցում ունեցող քաղաքացիների համար:

Այս որոշմանը չհետևող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, և, նախարարի խոսքով, գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր և տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետևելու համար: