Գեղարքունիքի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Սարգսյանը մինչ նախորդ շաբաթը Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։

Կարեն Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»,–ասաց նա։

Քանի որ Կարեն Սարգսյանը խոսեց մինչ քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանը կատակեց․ «Մեր թեկնածուները մեթոդական սխալ են միշտ գործում, ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար, որ այդքան վստահ եք, պարոն Սարգսյան, ուրեմն, ուզած- չուզած պետք է կողմ քվեարկենք»։ Այսպիսով՝ հարցը դրվեց քվեարկության և անցավ միաձայն։