Մենք պատրաստ ենք խոսել հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին․ Փաշինյան

Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային  անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը. այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրված ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ: Մեծ հաշվով մեր տարածաշրջանը, Արևելքը Արևմուտքին, Հյուսիսը Հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել ՌԴ-ը: ԵՄ-ը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ  Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է:

Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է, մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար: Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում և ՀՀ-ը պատրաստ է նման ջանքեր գործադրել»,-ասաց նա: