ՊԲ նախկին հրամանատարներից մեկն ասաց՝ պատերազմը հնարավոր էր Շուշիի փոխարեն Ֆիզուլիում և Ջաբրայիլում ավարտել. Հասրաթյան

Վերջերս մի հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՊԲ նախկին հրամանատարներից մեկը, խոսեցինք 44-օրյա պատերազմի մասին:

– Պարոն գեներալ, ըստ Ձեզ (եթե Դուք ղեկավարեիք բանակը) հնարավո՞ր էր այնպես անել, որ այս պատերազմն այլ ելք ունենար,- հարցրի նրան:

-Անկեղծ ասած, սա իրոք ուրիշ պատերազմ էր, անգամ ինչ-որ տեղ անսպասելի ու անհասկանալի զարգացումներով հագեցած: Բայց որ հնարավոր էր խուսափել այն ծանր ու նվաստացուցիչ հետևանքներից, որ ունեցանք, դա անկասկած է…

-Այսի՞նքն…

-Այսինքն, հնարավոր էր պատերազմն ավարտել ոչ թե Շուշիում, այլ, վատագույն դեպքում՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի մատույցներում՝ առանց այդ ռազմավարական հենակետերը հանձնելու, իսկ Հադրութի և մնացած տարածքների մասին խոսելն անիմաստ է,- այսքանն ասելուց հետո զգացի, որ գեներալն այլևս չի ուզում թեման շարունակել, բայց քիչ անց, կարծես, ներքին մղումից դրդված, ասաց.- Նաև համոզված եմ, թե դավաճանական ինչպիսի պիտակներ մեզ կվերագրեին, եթե մենք պատերազմն ավարտեինք անգամ այն արդյունքներով, ինչպիսին ներկայացրի…

… Ես հիշեցի 2016-ի ապրիլյան քառօրյան…

 

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։