Իրանն սպառնում է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել

Հետաքրքիր հայտարարություն է արվել Իրանում սեպտեմբերի 6-ին: Հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ դրա բովանդակությունը բացահայտ ցույց է տալիս թե Իրանը՝ իր թշնամիների, հատկապես ահաբեկիչների դեմ ինչ սպառնալիք է հնչեցնում, այլ թե ով է հնչեցրել այդ հայտարարությունը: Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, ԻՀՊԿ նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Յեհյա Ռահիմ Սէֆևին ասաց, որ թշնամու շարժումները պետք է զսպվեն և ոչնչացվեն Թեհրանից 3000 կմ շառավղով: Մայրաքաղաքում հատուկ հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր 1980-ին Իրանի ժողովրդին պարտադրված պատերազմի առաջին օրերին Իրանի օդուժի կողմից «Կաման 99» գործողությունը Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ, նա ասաց. «Մեր ռազմավարությունը պետք է հիմնված լինի այն բանի վրա, որ եթե ցանկացած թշնամի ցանկանում է տեղափոխվել մեր երկիր, Թեհրանից 3000 կմ շառավղով մենք պետք է ոչնչացնենք նրան իր շարժման սկզբում»: Նա միաժամանակ շեշտեց. «Պաշտպանության ամբողջ խորությունը պետք է լինի Թեհրանից 3000 կմ շառավղով: Իսկ դրա համար մեզ պետք է հզոր ավիացիա, որը կարող է հաղթահարել այս տարածությունը»: «Մենք կարող ենք դառնալ թիվ մեկ ուժը Արևմտյան Ասիայում, և դրա համար մեզ անհրաժեշտ են ուժեղ զինված ուժեր, – նշել է գեներալ-մայոր Սէֆևին։ – Ուժեղ բանակն ու ԻՀՊԿ-ը կլինեն մեր ազգի պահապանները»:

Նույն օրը՝ սեպտեմբերի 6-ին, հայտարարություն արեց ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը: Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններում զինված ահաբեկչական խմբավորումների որոշ նոր շարժումներից հետո, ինչի մասին մենք հայտնել էինք հուլիսին և օգոստոսին, գեներալ Փաքփուրը այցելեց տարածաշրջանի սահմանային ստորաբաժանումներ և անցակետեր: ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն ասաց, որ չնայած իրաքյան հյուսիսային շրջանի պաշտոնյաներին արած բազմակի զգուշացումներին և իրազեկմանը՝ իրենց տարածաշրջանում ահաբեկչական և այլ ապօրինի զինված խմբավորումների տեղաշարժերի, դիվերսիոն գործողությունների իրականացման մասին, Իրաքի քրդերը չեն զբաղվել այս հարցով: «Երկար տարիներ ահաբեկչական և հակահեղափոխական խմբերը, որոնք կապված են համաշխարհային ամբարտավանության (այսինքն՝ ԱՄՆ և Իսրայելի) հետ և արտաքին հետախուզական ծառայությունները օգտագործում են Հյուսիսային Իրաքի աշխարհագրությունը՝ Իրանի սահմանամերձ տարածքներում անվտանգությունն ու հանգստությունը խախտելու և այդ տարածքներում ապրող մարդկանց վախեցնելու համար: Իրաքը և այս երկրի հյուսիսային շրջանի պաշտոնյաները ստացել են անհրաժեշտ նախազգուշացումները», – ասաց Փաքփուրը: Նա ընդգծեց, որ Իրաքի կառավարությունը և Քրդստանի տարածաշրջանը չպետք է թույլ տան, որ ահաբեկիչները շրջեն և շտաբներ ստեղծեն այս երկրում՝ սպառնալիք և անապահովություն ստեղծելով Իրանի համար. «Հաշվի առնելով տարածաշրջանային իրավիճակը և Հյուսիսային Իրաքում թաքնված Իսլամական հեղափոխության թշնամիների հետ կապված ահաբեկչական խմբերին Իրանի կողմից վճռական և ցնցող պատասխանի հնարավորությունը, մենք խնդրում ենք այդ տարածքների բնակիչներին հեռու մնալ ահաբեկչական հենակետերից՝ որպեսզի չտուժեն», – հավելեց նա:

Գրեթե միաժամանակ քրդական ԶԼՄ-ները գրել են, որ Իրանը հարվածներ է հասցնելու Իրաքում և Իրաքյան Քրդստանում տեղակայված քրդական հակաիրանական խմբավորումներին՝ միաժամանակ դատապարտելով իրանցի գեներալների որոշումը․ «Իրանը պատասխանատվություն է կրելու քաղաքացիական բնակչությանը, նրա ունեցվածքին և շրջակա միջավայրին հասցված ցանկացած վնասի համար», և այլն:

Բայց եթե կարդանք գեներալ Սէֆևիի հայտարարությունները, ապա նման հարվածները որոշակի տեսանելի հեռանկարում սպառնում են այն բոլոր տարածքներին, որտեղ հիմնված են զինված խմբերը, որոնք օգտագործվում են «գլոբալ ամբարտավանության» ուժերի, այսինքն՝ ԱՄՆ և Իսրայելի կողմից: Այսպիսով, եթե, ըստ գեներալ Սէֆևիի, բոլոր ուղղություններով հաշվում ենք Թեհրանից 3 հազար կմ հեռավորության վրա, ապա Իրանի կանխարգելիչ հակաահաբեկչական հարվածները սպառնում են՝ 1) Թուրքիային; 2) Նախիջևանին; 3) Արցախի օկուպացված շրջաններին. 4) «կովկասի-թաթարիստանին»; 5) Աֆղանստանին; 6) Պակիստանին; 7) Պարսից ծոցի այն երկրներին, որոնք թշնամաբար են տրամադրված Իրանի նկատմամբ. 8) տարածաշրջանում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի ռազմակայաններին:

Սերգեյ Շաքարյանց