Ռուստամ Մուրադովը հեռանում է. ով կփոխարինի

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար։

Նախարարության փոխանցմամբ` հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Մուրադովը իր առաքելությունը սկսել էր նախորդ տարվա նոյեմբերին:

Ռուստամ Մուրադովին փոխարինողների մեջ շրջանառվում է երկու անուն․ Ալեքսեյ Ավդեև և Միխայիլ Կոսոբոկով։

ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է։ Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։

Միխայիլ Կոսոբոկովը ևս զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։