Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնել և լքեց դահլիճը

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի շահերը ներկայացնելուց և կրկին լքեց դատական նիստերի դահլիճը։ Այս մասին հայտնել են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

«Ես չեմ կարող սույն գործով շարունակել իրականացնել Արմեն Գևորգյանի շահերի պաշտպանությունը։ Դուք անձնական հակակրանք ունեք իմ նկատմամբ, հստակ դա ցույց եք տալիս, ինչը հանգեցնում է նրան, որ Արմեն Գևորգյանի իրավունքները և օրինական շահերը կոպտագույն ձևով ոտնահարվում են։ Այդ պատճառով հետայսու սույն գործով չեմ կարող պաշտպանել Գևորգյանի շահերը։ Խնդրում եմ Արմեն Գևորգյանի դիրքորոշումը ճշտելուց հետո դադարեցնել իմ պարտականությունները՝ որպես նրա պաշտպանի»,- հայտարարեց Ալեքսանյանը և կրկին լքեց նիստերի դահլիճը։

Արմեն Գևորգյանը նշեց, որ Էրիկ Ալեքսանյանի և դատավորի միջև եղած տարաձայնություններն անդրադառնում են իր շահերի պաշտպանության վրա։ Ըստ նրա՝ նման պայմաններում ճիշտ չէ, որ Ալեքսանյանը շարունակի ներկայացնել իր շահերը։ Անհրաժեշտ է ներգրավել այլ պաշտպան, իսկ դրա համար ժամանակ է պահանջվում։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը պնդեց, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը պետք է հրապարակվի։