Դատավորը պատժամիջոց կիրառեց Արմեն Գևորգյանի փաստաբանի հանդեպ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  նախկին փոխվարչապետ, այժմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն սկսվեց օգոստոսի 24-ի նիստում փաստաբան Էրիկ Ալեքսանյանի վարքի քննարկմամբ։

Նշենք, որ փաստաբանն առանց դատարանի թույլտվության հեռացել էր նիստերի դահլիճից՝ ի պատասխան դատավորի բացարկի մասին միջնորդություն պատրաստելու համար դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից նիստը հետաձգելու մերժման։

Փաստաբանը հիշեցրեց դատարանին պաշտպանյալի իրավունքները։ «Դուք հիանալի գիտեք, որ ես այստեղ եմ այն բանի համար, որպեսզի օրենքով թույլատրված բոլոր միջոցներով իրականացնեմ Արմեն Գևորգյանի պաշտպանությունը»,- հիշեցրեց փաստաբանը՝ դատարանից հետաքրքրվելով, թե ինչու է այն խանգարում դրան։

Իրավունքներից մեկը, նշեց փաստաբանը, ժամանակի տրամադրումն էր միջնորդություն պատրաստելու համար։ «Իսկ դուք առաջարկեցիք միջնորդությունը ներկայացնել, երբ այն պատրաստ լինի, և  շարունակեցիք նիստը։ Սա նոնսենս է։ Օրենքը պահանջում է դադարեցնել նիստը, եթե կասկածներ կան դատավորի օբյեկտիվության մասին։ Դրանով իսկ դուք խախտեցիք Արմեն Գևորգյանի արդարացի դատավարության իրավունքը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորի բոլոր անիրավաչափ գործողություններին պատասխան է լինելու։ «Չնայած ես համոզված եմ, որ Դուք, միևնույն է, պատժամիջոցներ կկիրառեք, քանի որ ես Ձեզ համար համակրելի չեմ։ Նման որոշմանը ես համաձայն չեմ»,- ասաց փաստաբանը։

Լսելով փաստաբանին՝ դատավորը նրա գործողությունները գնահատեց անիրավաչափ և  որպես պատժամիջոց նախազգուշացում կիրառեց։

Ընդ որում՝ դատավորը օրինաչափություն նկատեց. հենց որ դատախազները մտադրվում են հրապարակել մեղադրական եզրակացությունը, փաստաբանները փորձում են միջնորդություններ ներկայացնել՝ դրանով իսկ խոչընդոտելով իրենց համար անցանկալի գործողությանը։ Դրա համար էլ դատավորն արգելեց ամեն տեսակ միջնորդություն։

Էրիկ Ալեքսանյանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանյալի հետ քննարկելու համար դատավարությանն իր հետագա մասնակցության հարցը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը դեմ արտահայտվեց։