Սկսվում է Հայաստան-Թուրքիա հաշտեցման նոր փո՞ւլ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հաղորդաշարի հյուրը «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն է։

Ե՛վ Ալիևը, և՛ Էրդողանը, և՛ Փաշինյանը խոսում են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին։ Ի դեպ, Ալիևն ու Էրդողանն իրենց հայտարարություններում հստակ շեշտում են սեփական պետության շահը, ու ներկայացնում իրենց ակնկալիքները Հայաստանից։

Ալիևը պարզ ասում է, որ խաղաղություն կարող է լինել, եթե ստեղծվի Զանգեզուրի միջանցքը, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ հրաժարվի Արցախից և սկսվի սահմանների հաստատման գործընթացը:

Էրդողանը խոսելով խաղաղության հաստատման մասին, ասում է՝ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչման վրա։ Ու շեշտում է՝ «Նորագույն պատմությունը չպետք է լինի թշնամանքի պատմաբան», ասել է թե՝ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից:

Իսկ ի՞նչ է ասում Փաշինյանը, նա հայտարարում է՝ անհապաղ իրականացնելու է Հայաստանի ու տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ծրագիր ու շեշտում․ «Մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պիտի զարգացնենք»։

Ինչպես նկատում ենք, ի տարբերություն Ալիևի և Էրդողանի՝ Փաշինյանը չի պարզաբանում, թե ի՞նչ ասել է խաղաղության դարաշրջան, և այն ի՞նչ կտա Հայաստանին:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։