Թուրքիայի քաղաքականությունը հայերի նկատմամբ 21-րդ դարում էթնոցիդ է

Թուրքիան շարունակում է թաքցնել իր բարբարոսական վերաբերմունքը հայկական մշակութային ժառանգության նկատմամբ՝ ինչպես երևում է սեպտեմբերի 3-ին «Daily Sabah» իշխանամետ թերթում հրապարակված նյութից: Մենք արդեն հայտնել ենք, որ այս թերթը գործնականում հանդիսանում է ինչպես Թուրքիայում իշխող AKP կուսակցության, այնպես էլ անձամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի պաշտոնական քարոզչական խոսափողը: Եվ այս քարոզչական թերթը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ այս տարի Վան նահանգում գտնվող Աքդամար (Աղթամար) կղզու հայկական եկեղեցում ամենամյա կրոնական արարողություն է անցկացվելու: Արարողությունը նախատեսված էր սեպտեմբերի 5-ին՝ կորոնավիրուսի հետ կապված նախազգուշական միջոցների պահպանմամբ: Վան նահանգի Գևաշ և Էդրեմիտ շրջանների ծխականներին կղզի կբերեն նավակով, իսկ արարողությունից առաջ կչափեն նրանց ջերմությունը և այլն:

Թվում է, թե թուրքական իշխանությունները փոխում են իրենց վերաբերմունքը հայկական ժառանգության նկատմամբ, մանավանդ այս եկեղեցում արարողություններն անց են կացվում 2010 թվականից: Սակայն սատանան, ինչպես միշտ, մանրուքների մեջ է, տվյալ դեպքում եկեղեցու պատմության մասին «Daily Sabah»-ի նյութի մեջ։ Մեջբերում ենք. «Հայկական եկեղեցին, որը հայտնի է նաև որպես Աղթամար և Սուրբ Խաչ տաճար, կառուցվել է 915-921 թվականներին ճարտարապետ Մանուել եպիսկոպոսի կողմից՝ Վասպուրականի թագավորության Գագիկ Ա Արծրունու հովանավորությամբ: 1915 թվականի միջադեպերից հետո (այսինքն՝ Հայոց ցեղասպանությունից հետո, որն իրականում երիտթուրքերն սկսել են 1914 թվականին, չնայած հայ գիտնականները վստահ են, որ 1909 թվականի Ադանայի կոտորածը Հայոց ցեղասպանության թուրքական «ծրագրի» անբաժանելի մասն էր…)՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ այս տարածքի հայ համայնքը վերաբնակեցվել է (ստի և ամբարտավանության գագաթնակետ…), եկեղեցին լքվել է: Շենքի վերականգնումը սկսվել է 2005 թվականին, իսկ երկու տարի անց դրանում բացվել է թանգարան՝ պետության կողմից իրականացվող համապարփակ վերակառուցումից հետո՝ մոտ 1.4 միլիոն դոլար արժողությամբ»:

Այլ ապացույց հարկավո՞ր է, որ Էրդողանի Թուրքիան, որն օգնել է Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմին ցեղասպանություն գործել Արցախի հայերի հանդեպ, նույն՝  XX-րդ դարասկզբի Թուրքիան է, որը ցեղասպանության է ենթարկել հայերին Արևմտյան Հայաստանում և Արևելյան Հայաստանում: Այստեղ զարմանալի է ոչ այնքան թուրքական քարոզչության լկտի համառությունը, որը ժխտում է վաղուց ապացուցված Ցեղասպանությունը (ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև Օսմանյան կայսրությունում ապրող պոնտոսյան հույների, ասորիների, եզդիների և դըլմիկ (զազա) ժողովրդի), որքան այն, որ Թուրքիան հանգիստ խոսում է վտարման մասին, ավելի ճիշտ՝ մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանության, որը ապրել է այս տարածքում հազարավոր տարիներ: Այս բացահայտ սուտը չի խանգարում Թուրքիային բացեիբաց հրահրել ռուսաֆոբիա Ղրիմի թաթարների շրջանում և Ղրիմի սլավոնական և քրիստոնյա բնակչությանը համարել երկրորդ կարգի, չի խանգարում ասել, որ Հյուսիսային Կիպրոսում հույների և հայերի ցեղասպանությունից  հետո աշխարհը իբր «պետք է ճանաչի Կիպրոսի օկուպացված հատվածի անկախությունը», բայց միևնույն ժամանակ պնդել, որ Արցախի հայերը պետք է ստրկացված մնան՝ Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմի կառավարման ներքո: Ավելին, Թուրքիան, որը քրիստոնյա ժողովուրդների գերեզմանն է, շատ ագրեսիվ շահարկում է Ղրիմի թաթարների 1944 թ. տեղահանության հարցը, այս իրադարձությունը համարում է գրեթե ցեղասպանություն և անհրաժեշտության դեպքում ամեն անգամ հայտարարում է այդ մասին:

Եվ ինչո՞ւ են Ռուսաստանի իշխանությունները համբերություն ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ  նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքերը ոտնձգություն են կատարում Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության դեմ․ մենք 2014 թվականից բազմաթիվ անգամներ լսել ենք Ռուսաստանի բարձրագույն իշխանությունների բոլոր ներկայացուցիչներից, որ «Ղրիմի հարցը փակ է և ենթակա չէ վերանայման»:

Վերջերս Կիևում, «Ղրիմի պլատֆորմ» անվան տակ միջազգային հանցագործների հավաքին թուրքերը ևս մեկ անգամ պաշտոնապես (արտաքին գործերի նախարարի մակարդակով) ներկայացրել են տարածքային պահանջներ Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի մասով:

Հայաստանյան իշխանությունները անհապաղ և կտրուկ պետք է արձագանքեն այն փաստին, որ Թուրքիան փորձում է թաքցնել թուրքերի և նրանց դաշնակիցների բարբարոսական վերաբերմունքը Արևմտյան և Արևելյան Հայաստանի ժառանգության նկատմամբ:

Սերգեյ Շաքարյանց