Մենք վերհաստատում ենք մեր պնդումը․ Արթուր Ղազինյանը կրկին առաջադրվեց

«Հայաստան» խմբակցությունն այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կրկին առաջարկեց պարգամավոր Արթուր Ղազինյանի թեկանծությունը: Նախորդ նիստում ՔՊ-ական պատգամավորները դեմ էին քվեարկել նրա թեկնածությանը:

Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ ըստ Դոնթի բանաձևի, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնն ընդդիմությանն է պատկանում և առաջին նիստում նրա չընտրվելուց հետո, «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5 օրվա ընթացքում կարող է առաջ քաշել նոր թեկնածություն:

Արթուր Ղազինյանի թեկնածությունը ներկայացնող «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ խմբակցությունը կրկին առաջարկում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը:

«Մենք վերհաստատում ենք մեր այն պնդումը և պահանջը, որ պարոն Ղազինյանը լիարժեքորեն համապատասխանում է այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և շեշտեց, որ անձնական կարծիքները չպետք է հիմք դառնան ընդդիմության թեկնածուին ընտրելու համար: