Հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը չկատարելու դեպքում հանրային ծառայողը կազատվի աշխատանքից․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Հանրային ծառայության մասին» օրենքում  փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որոնցով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը, այդպիսով՝ օրենքի նշված հոդվածի գործողությունը տարածելով հանրային ծառայությունը ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Նախագծից ենթադրվում է, որ հանրային ծառայողը կազատվի պաշտոնից, եթե հոկտեմբերի 1-ից չներկայացնի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։

«Միաժամանակ, որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատանքի (ծառայության) ներկայանալիս։ Ընդ որում, նշվածից և Առողջապահության նախարարի կողմից սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններից բխում է, որ աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Վերը նշված պայմանը սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում միայն, սահմանվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից իր պարտականությունները չկատարելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է, մասնավորապես, եթե անձը վերոնշյալ հիմքով, այսինքն՝ իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր չի կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չի կատարել: Ընդ որում, այս ժամկետների մեջ տրամաբանորեն չպետք է հաշվարկվեն այն ժամկետները, երբ անձը այսպես, թե այնպես չպետք է ներկայանար աշխատանքի, օրինակ՝ գտնվել է արձակուրդի, ժամանակավոր աշխատունակության կամ գործուղման մեջ:

Նախագծով առաջարկվում է նաև վերոնշյալ կարգավորումը տարածել «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների վրա, որը ներառում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման, ինչպես նաև քաղաքական, վարչական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ: