Գառնու տաճարը փակ է եղել հարսանեկան միջոցառման համար, սակայն ռաբիս երաժշտություն չի հնչել․ ԿԳՄՍՆ ՊՈԱԿ-ի պարզաբանումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը պարզաբանում է տարածել երեկ Գառնու տաճարում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման մասին։

«Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։

Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։

Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում։

Տեղի ունեցած միջոցառմանն արձագանքել է նաև ՀՀ զբոսաշրջության կոմիտեն՝ տեղեկացնելով որ իրենք միջոցառման վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացել։

«Հարգելի գործընկերներ,

Զբոսաշրջության կոմիտեն ստացել է բազմաթիվ բողոքներ ոլորտի ներկայացուցիչների կողմից Գառնիում տեղի ունեցած փակ միջոցառման վերաբերյալ։ Մենք հետամուտ ենք այս խնդրի շուրջ լայն քննարկումներ նախաձեռնել համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ` պատմամշակութային և զբոսաշրջային նշանակության վայրերում միջոցառումների անցկացումը կանոնակարգելու համար»,-ասված է պարզաբանման տեքստում»։