Բանակցությունները պետք է գործնական արդյունքներ ունենան՝ վերջ դնելով պատժամիջոցներին. Էբրահիմ Ռայիսի

Թեհրանը միշտ նախապատվությունը տվել է բանակցություններին որպես դիվանագիտական գործիքի, սակայն 2015 թվականին կնքված միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները պետք է գործնական արդյունքներ գրանցեն և համապատասխանեն Իրանի ժողովրդի իրավունքին՝ վերջ դնելով դաժան պատժամիջոցներին:

«Թանսիմ» գործակալության տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ: Երկրի ղեկավարը բացառել է ճնշումների ներքո Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: Նա շեշտել է, որ այդպիսի մարտավարությունը երբեք որևէ արդյունք չեն բերել ԱՄՆ-ին և Եվրոպային:

«Բանակցություններն ու երկխոսությունը եղել են և շարունակելու են լինել դիվանագիտությանը ծառայող միջոցներ: Մենք չենք հրաժարվում բանակցություններից և երկխոսությունից: Սակայն ամերիկացիներն ու արևմտյան երկրների ներկայացուցիչները կողմ են ճնշումներով ուղեկցվող բանակցություններին»,- շեշտել է իրանցի առաջնորդը:

Ռայիսին շեշտել է նաև, որ «հետքայլ չի անի Իրանի ժողովրդի իրավունքները վերականգնելու գործում»: