Թուրքերն ու Ալիևի կլանը Արցախում տեղակայում են «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին

Oրեր առաջ, երբ ԱՄՆ-ը փաստացի ընդունեց իր ռազմական պարտությունը Աֆղանստանում, սկսեցին տեղեկություններ հայտնվել, որ Աֆղանստանից փախստականների մի քանի մեծ խմբեր են ժամանել «կովկասի-թաթարստան», և ըստ երևույթին, գործընթացը շարունակական է: Հայտնի է, որ հենց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է ստիպել Ալիևի կլանին՝ ընդունել մի քանի հազար աֆղանցիների, և հենց Էրդողանն է ակտիվորեն խաղի մեջ մտել՝ Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական շարժման հաղթանակից հետո:

Բայց եթե «պարզապես փախստականները բերվեին» մեր տարածաշրջան, ապա դա կլիներ ընդամենը մեկ խնդիր, որը կարող էր կապված լինել Անդրկովկասում ժողովրդագրական և դավանաբանական իրավիճակը փոխելու Թուրքիայի և «կովկասի-թաթարստանի» կանխամտածված մտադրության հետ: Մինչդեռ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը «Նովոստի Արմենիա»-ի թղթակցին տված հարցազրույցում խոսում է ավելի բարդ խնդրի մասին՝ հղի անկանխատեսելի հետևանքներով: Նախ մեջբերենք Արցախի արտգործնախարարի հայտարարությունները. «Աֆղանստանում թալիբների իշխանությունը վերցնելուց հետո «ԱլՔաիդայի» զինյալների մի մասը շտապ տեղակայվում են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներում: Դա արվում է Թուրքիայի հետ համատեղ և մի քանի նպատակ է հետապնդում. բնականաբար, Թուրքիան ցանկանում է փրկել իր զինյալների ողնաշարը, որն օգտագործում է տարբեր տարածաշրջաններում, հիմնականում Մերձավոր Արևելքում: Գրոհայինների տեղակայումը Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում լուրջ խնդիրներ կստեղծի Ռուսաստանի, Իրանի, ընդհանրապես տարածաշրջանային անվտանգության համար և մի տեսակ վերահսկողություն է հաստատելու բուն Ադրբեջանի վրա: Այդ տարածաշրջաններում արդեն շատ-շատ են, փաստորեն, ոչ Բաքվի վերահսկողության տակ գտնվող, բայց Թուրքիայի բացարձակ վերահսկողության տակ գտնվող միջազգային ահաբեկչական խմբավորումները։

Այսպիսով, Թուրքիան ամրապնդում է իր դիրքերը Ադրբեջանում։ Չնայած «եղբայրության», «մեկ ժողովուրդ՝ երկու պետություն» կարգախոսներին, Թուրքիան օգտագործում է ուժային լծակներ, որպեսզի «եղբայրը» չվերանայի Անկարայի խնդրի վերաբերյալ իր «եղբայրական հարաբերությունները»: Մենք տեսնում ենք խորապես  մտածված ու մշակված աշխարհաքաղաքական գիծ, որտեղ ակտիվորեն օգտագործվում են արմատական ահաբեկչական ուժերը։ Ինչ-որ կերպ կատարվողը կոծկելու համար, տեղեկություններ են ստացվում, թե իբր Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատված աֆղանցի փախստականներ են տեղափոխվել: Մենք բոլորս գիտենք, որ Աֆղանստանից փախստականները նախընտրում են արևմտյան երկրները։ Քանի որ փախստականներ են դառնում մարդիկ, ովքեր այսպես թե այնպես համագործակցել են արևմտյան կոալիցիայի հետ, ունեն մոտեցումներ, որոնք տարբերվում են «Թալիբանի» մոտեցումներից Աֆղանստանում հասարակական կարգի և պետականաշինության հարցում, և նրանք Ադրբեջանում անելիք չունեն, առավելևս գրավյալ տարածքներում, որտեղ Ադրբեջանը ոչնչացնում է այն ամենը, ինչ կա, այդ տարածքները վերածում է պլացդարմի։ Այդ պատճառով անհրաժեշտ է, որ այդ տեղեկությունը ստուգեն միջազգային կառույցները և շահագրգիռ պետությունների համապատասխան կառույցները՝ հաշվի առնելով, թե կայունության և անվտանգության ինչպիսի վտանգ է կրում գրոհայինների նման տեղափոխումը»:

Այսպիսով, Դ. Բաբայանի խոսքերից հետևում է, որ Թուրքիան և Ալիևի ռեժիմը, «աֆղան փախստականներին փրկելու» քողի ներքո, ահաբեկիչներին տեղափոխում են թուրքերի ու կովկասյան թաթարների կողմից զավթված Արցախի հողերը, թեև ոչ «Թալիբանի», այլ՝ «Ալ-Քաիդայի»: Աշխարհը հիշում է, որ ԱՄՆ իշխանությունները «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին մեղավոր ճանաչեցին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձությունների համար, և դա հիմնական պատճառն էր, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ներխուժեցին և գրավեցին Աֆղանստանը: Անցած տարի մենք ստացանք հաստատումներ Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, որ Թուրքիան Սիրիայից և Լիբիայից հազարավոր ահաբեկիչներ է բերել «կովկասի-թաթարստան» և Նախիջևան, և թուրքերը «տեղավորել են» մի քանի հազար ահաբեկիչների՝ Արցախի օկուպացված հատվածում: ԱՄՆ-ի խամաճիկները, որոնք հաստատվել էին Երևանում, աշխատանքներ չէին տարել վերը նշված տերությունների հետ, օրինակ՝ Արցախում ընդհանուր հակաահաբեկչական գործողություն սկսելու համար, որն ապրիորի կբացառեր թուրքերի (որպես ահաբեկիչներին դեպի Արցախ հիմնական «փոխադրող») ներկայությունը մեր տարածաշրջանում: Այսօր Հայաստանի և Արցախի հայրենասեր ուժերը պարտավոր են պահանջել Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, որպեսզի այդ երկրները վերացնեն «արտատարածաշրջանային ահաբեկիչներին» Արցախում և ընդհանրապես՝ Անդրկովկասում: Եվ պետք է պահանջել արդեն այսօր, թեկուզ շրջանցելով երևանյան խամաճիկներին, ովքեր շարունակում են նստել իշխանական բազկաթոռներին:

Եվս մեկ նկատառում. մենք հիշում ենք, թե ինչպես օգոստոսի 19-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը խոսեց այն մասին, թե որքան կարևոր է տարածաշրջանում «հավասարակշռության պահպանումը» և ափսոսանք հայտնեց, որ, իբր, «խաղաղության համաձայնագրերի» իրականացման հիմնական խոչընդոտը (և սա՝ նախապատերազմական նոր իրավիճակում է…) «վստահության սուր դեֆիցիտն է Բաքվի և Երևանի հարաբերություններում»: Նախ՝ արցախահայության կողմից, որոնց մասին, ինչպես պարզվում է, Ռուսաստանի ԱԳՆ-ն ամբողջովին «մոռացել» է, «վստահություն» չկա կովկասյան թաթարների նկատմամբ ոչ թե 2020 թվականից, այլ 1988-ի փետրվարի վերջին օրերից (Սումգայիթի ողբերգություն) և ամենահամառ, նույնիսկ ֆինանսապես ամենավճարված «ջանքերը»՝ լինի դա Ռուսաստանից կամ նույնիսկ «ամբողջ համաշխարհային հանրությունից», չեն կամրջի «վստահության սուր դեֆիցիտի» այս անդունդը Արցախի հայերի և կովկասյան թաթարների միջև: Երկրորդ. ո՞վ չի նպաստում հայերի և թուրքերի միջև վստահության հաստատման նույնիսկ նվազագույն քայլերին: Մի՞թե ոչ այն ուժերը, որոնք այժմ «Ալ-Քաիդայի» ահաբեկիչներին տեղափոխում են Անդրկովկաս և հանցագործներ են տեղավորում Արցախում: Հուսով ենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ը գոնե Անդրկովկասի հանրապետություններում իր դեսպանների միջոցով անհապաղ կտա իր բացատրությունները, թե ով է մեղավոր հայերի և կովկասյան թաթարների (կարդում ենք՝ թուրքերի) միջև անվստահության սուր բացակայության մեջ:

Սերգեյ Շաքարյանց