Աֆղանստանից թմրամիջոցների անօրինական արտահանման, առևտրի աճը մեծ սպառնալիք է լինելու նաև Հայաստանին

Այժմյանից պետք է նախապատրաստվել…

Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբանը», դատելով ամենից, առավել մեծ չափով, քան նախկինում, զարկ է տալու թմրանյութերի ու թմրամիջոցների արտադրությանը և անօրինական արտահանմանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես աֆղանական թեմայով մեր նախորդ վերլուծականում էինք նշել, սոցիալ- տնտեսական առանց այն էլ ծանր վիճակում գտնվող Աֆղանստանն այնտեղ նոր-նոր սկսվող քաղաքացիական պատերազմից հետո առավել ծանր վիճակում կհայտնվի և ֆինանսական միջոցների առավել սուր կարիք կունենա:

Ոչ միայն այն պատճառով, որ «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունն Աֆղանստանի խալիֆայությունն առավել զինելու համար ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով կընդլայնի թմրանյութերի արտադրության և անօրինական առևտրի մասշտաբները:

Վերոնշյալ կանխատեսման համար կա ևս մեկ պատճառ. այն պահից, երբ «Թալիբանը» կսկսի հակադրվել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին` միջինասիական հանրապետություններում իր ազդեցության տարածմանը դիմակայելու համար, «ափիոնային պատերազմ» կսկսի Տաջիկստանի, Ուզբեկստանի իշխանությունների և, հատկապես, Ռուսաստանի դեմ` նշված պետություններին մեծ վնասներ պատճառելու դիտավորությամբ:

Վերոնշյալ երկրներում հարյուրավոր տոննաներով աֆղանական ափիոնի և հերոինի հայտնվելու դեպքում ահռելի վնաս կպատճառվի նրանց բնակիչների առողջությանը, այդ կապակցությամբ հարկադրված առողջապահական հսկայական ծախսեր կատարող նրանց պետական բյուջեներին ու նշված երկրների տնտեսությանը: Բացառված չէ, որ «Թալիբանը» Ռուսաստանին վնաս պատճառելու (թմրամոլության աճ, բժշկական, սոցիալական ճգնաժամ և այլն) նպատակով, այնտեղ մեծ չափով թմրամիջոցներ հասցնի ԱՄՆ-ի կողմից շահագրգռվելով ու նրա ուղղորդմամբ:

Աֆղանստանի տնտեսության հիմքը թմրանյութերն են: Ասում են, թե Ամերիկացիները դրա համար քննադատել են թալիբներին, իբրև ռմբակոծել հերոինի լաբորատորիաները, թմրանյութերի, թմրամիջոցների անօրինական արտադրության և առևտրի դեմ պայքարելու համար ծախսել գրեթե 10 մլրդ դոլար, սակայն… Ափիոնի և հերոինի հումքի արտադրությունն ու արտահանումը, որքան էլ «զարմանալի» է, միայն ավելացել են:

Աֆղանստանն ապահովում է աշխարհում հերոինի և օփիատի պաշարների ավելի քան 80% -ը, և այդ պաշարները կայուն աճում են… Աղքատության, համաճարակի, գործազրկության և բռնության դեմ աֆղանցիներն ունեն բաղադրատոմս `ցանել ավելի շատ կակաչ: ՄԱԿ -ի տվյալներով, անցյալ տարի ցանքատարածությունների մակերեսն աճել է մինչև 37%: 2011թ. հունիսի 29 -ին բրիտանական «Independent on Sunday» թերթը հաստատել է, որ Աֆղանստանը հերոինի և հնդկական կանեփի ամենամեծ արտադրողն է աշխարհում:

Եթե ամերիկացիները նույնիսկ ոչնչացրել են, ամերիկյան տվյալների համաձայն, հերոինի 400- 500 լաբորատորիաներից 200-ը, այն չի ազդել հերոինի արտադրության ծավալների վրա, քանի որ տեխնոլոգիան պարզ է, հետևաբար ավերվածին փոխարինելու համար նոր լաբորատորիայի կազմակերպումը դժվար չէ:

Եթե ​​1992-93 թթ. Աֆղանստանում կակաչ է ցանվել մոտ 20 000 հեկտար տարածքի վրա, ապա 2000-ին այն, ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի տվյալների, առավել քան երեք անգամ ավելին է եղել` 65 000 հա: Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների զորքերի գտնվելու 20 տարվա ընթացքում թմրանյութեր պարունակող մշակաբույսերի ցանքատարածքների մակերեսն ավելացել է 4 անգամ` կազմելով 260 000 հա:

ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, Աֆղանստանում օփիոնների արտադրությունը, արտահանումը և սպառումը երկու անգամ ավելի մեծ են, քան Աֆղանստանից մնացած ամեն ինչի պաշտոնական արտահանումը: 2017թ. գների և եկամտաբերության գագաթնակետին Աֆղանստանի տնտեսության ամենահայտնի հատվածը դրանում ներգրավված մարդկանց համար ստեղծել է 1,4 մլդ դոլարի մաքուր եկամուտ: Ըստ պրոֆեսոր Ջոնաթան Գուդհենդի կանխատեսման, իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում Աֆղանստանում թմրանյութերի ստվերային տնտեսության մեջ դրական փոփոխություններ չեն սպասվում:

Աֆղանստանում դեռ ամերիկացիների գտնվելու օրոք թալիբները վերահսկել են մի զգալի տարածք և ստացել թմրանյութերի առևտրի բերած եկամտի մինչև մեկ երրորդը: Խոսքը ենթադրաբար 130- 500 մլն դոլարի մասին է: Ո՛չ դոնորները, ո՛չ հանքերը «Թալիբան»-ին կամ Աֆղանստանի որևէ այլ կառավարության համար չեն ապահովի այնքան գումար, որքան մեկ գիշերվա ընթացքում կբերեն թմրանյութերը: Աֆղանստանի հետ կապված իր հետազոտություններով հայտնի Գուդհենդի կանխատեսման համաձայն, թմրանյութերի մաքսանենգ առևտուրը լարվածությամբ կսպառնա հարևան երկրներին:

Աֆղանստանից թմրանյութերի, թմրամիջոցների անօրինական արտահանման, առևտրի աճը մեծ սպառնալիք է լինելու նաև Հայաստանին: ՀՀ-ն աֆղանական թմրամիջոցների համար տարանցիկ երկիր է դեպի Ռուսաստան և Եվրոպա` Աֆղանստան- Իրան- Հայաստան հայտնի երթուղով: Միաժամանակ հայտնի փաստ է, որ թմրամիջոցների մի որոշ տոկոսը, որպես կանոն, մնում է տարանցման երկրներում: 100 մաքսավորից, ասենք, 90-ը կարող են ազնիվ, հայրենասեր, օրինապաշտ լինել, բայց բավական է մնացած տասն ահռելի գումարների հասնող կաշառքով իրենց աչքերը փակեն թմրամիջոցների մաքսանենգ ներկրման առջև, հերոինի հարյուրավոր տոննաների թեկուզ 1 տոկոսը մնա ՀՀ-ում, հետևանքները դժվար չէ պատկերացնել: Այժմյանից պետք է նախապատրաստվել հայտնի վտանգի բազմապատկմանը դիմակայելու համար:

Արթուր Հովհաննիսյան