ՌԴ կառավարության կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը

Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման  և համալիր սպասարկման  ծառայությունների մատուցման համար:

Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցուման համար»:

Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:

Պատվերի ընդհանուր արժեքն է 151 միլիոն 414 հազար 88 ռուբլի: