Վրաստանը հրաժարվել է AstraZeneca ընկերության պատվաստանյութի 50 000 դեղաչափից

Վրաստանը հրաժարվել է Լատվիայի կառավարությունից որպես նվեր ընդունել «Աստրազենեկա» անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի 50 000 դեղաչափ:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս տեղեկությունը հաստատել է երկրի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Վերջինս նշել է, որ AstraZeneca-ի դեղամիջոց Վրաստանին առաջարկել է ոչ միայն Լատվիան, այլև ԵՄ այլ երկրներ: Մասնագետի խոսքով՝ հրաժարումը նրանց օգնությունից պայմանավորված է Վրաստանում տվյալ պատվաստանյութի՝ ոչ այդքան ընդունված լինելով, և այս որոշումը քաղաքական դրդապատճառներ չունի:

Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ Վրաստանում իրականացվել է ավելի քան 1.2 մլն պատվաստում: Կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված քաղաքացիների թիվը կազմում է 421 785 մարդ, այսինքն՝ չափահաս բնակչության 14.8 տոկոսը: