Ահա Աֆղանստանում ԱՄՆ-ի եփած «կաշայի» հետևանքների ոչ ամբողջական ցանկը, դրանք սպառնում են նաև Հայաստանին

Աֆղանստանում քաղաքացիական պատերազմն արդեն սկսվել է

Բնավ պատահական կամ պարապությունից չէ, որ աշխարհում, ներառյալ` Հայաստանում, այսօր այդքան մեծ ուշադրություն է դարձվում «Թալիբան»-ին և Աֆղանստանում կատարվող իրադարձություններին:

Տասն օր առաջ գրել էինք, որ Աֆղանստանը քաղաքացիական պատերազմի շեմին է, բայց խնդիրը սոսկ դա չէ. ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար առաջանում են լրացուցիչ վտանգներ: Եվ, ահա, օրերս արտերկրի ԶԼՄ-ներում առաջին տեղեկատվությունը հայտնվեց Աֆղանստանում սկսվող քաղաքացիական պատերազմի վերաբերյալ: Օգոստոսի 30-ին թալիբների հարձակման մասին Փանջշիրի աշխարհազորայինների հայտնածը նշանակում էր, որ «Թալիբան»-ի և Փանջշիրում ամրացած Ազգային դիմադրության ճակատի (ԱԴՃ) միջև բանակցությունները ձախողված են ու տրված է պատերազմի մեկնարկը:

Վերոնշյալ տեղեկատվության համաձայն, դիմադրության ուժերը կարողացել են հետ մղել թալիբների հարձակումը ֆորպոստում, մարտի արդյունքում զոհվել է 7 կամ 8 գրոհային, մի քանի մարդ վիրավորվել է, այդ թվում ՝ դիմադրության ուժերի 2 մարտիկ: Բայց սա դեռ սկիզբն է…

Աֆղանստանի հյուսիսային Փանջշիր նահանգից Ազգային դիմադրության ճակատի առաջնորդ Ահմադ Մասուդը, որը ծագումով տաջիկ, Փանջշիրի առյուծ մականունով հայտնի, աֆղանական պատերազմի լեգենդար դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի (1990 -ականներին Մասուդ ավագը գլխավորել է Աֆղանստանի հյուսիսում թալիբների դեմ պայքարող ռազմական խմբերի Հյուսիսային դաշինքը, իսկ 2001-ին սպանվել «Ալ Քաիդա»-ի կողմից) որդին է, ինչպես արդեն հայտնի է, հրաժարվել է նահանգը հանձնել թալիբներին, և հայտարարել, որ Փանջշիրի առաջնորդները չեն հանձնի նահանգը: Օգոստոսի վերջին Ահմադ Մասուդը RBC- ին տված հարցազրույցում ասել է, որ հազարավոր մարդիկ պատրաստ են հետ մղել թալիբներին Փանջշիրում:

Ի դեպ, Փանջշիրում է գտնվում նաև Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը, որը երկրից նախագահ Աշրաֆ Գանիի փախուստից հետո իրեն հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար և կոչ արել աջակցել Մասուդին:

Տաջիկստանում դեռ պաշտոնանկ չարված («Թալիբանը» պարզապես դեռ չի հասցրել…) Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զահիր Ագբարը երեկ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ «Թալիբան» ահաբեկչական շարժումը չի պատրաստվում բանակցություններ վարել իր վերահսկողության ներքո չգտնվող Աֆղանստանի միակ Փանջշիր նահանգի դիմադրության առաջնորդների հետ, և որ թալիբները պարզապես մտադիր են սպանել նրանց:

«Թալիբները քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք 3 տարի առաջ աշխարհի շատ երկրների արգելված կազմակերպությունների ցուցակում էին,- ասել է դիվանագետը:- Նրանց նպատակն է ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին»:

Դեսպանի հավաստմամբ, գրոհայինները ցանկանում են «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը»:

«Քսանհինգ տարի առաջ թալիբները գրավեցին գրեթե ամբողջ երկիրը, բայց նրանք չկարողացան գրավել Փանջշիրը»,-ասել է Ագբարը և հավելել, որ դիմադրությունը, կտարածվի Աֆղանստանի այլ նահանգներում:

Այսօր առավոտյան արտերկրի ԶԼՄ-ները հղում կատարելով աֆղանական լրատվական գործակալության` «Bakhtar News Agency»-ի վրա, հայտնեցին, որ «Թալիբանը» Փանջշիրում շարունակելով ռազմական գործողությունները դիմադրության դեմ, զանգվածային հարվածներ է հասցրել ԱԴՃ-ի ապստամբների դիրքերին: Մարտի արդյունքների վերաբերյալ տեղեկությունները հակասական են:

«Գործողության ընթացքում ինը մարտիկ է սպանվել, այդ թվում` դաշտային 2 հրամանատար, առգրավվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք»,- գործակալությանը հայտնել է «Թալիբան»-ի ռազմական աղբյուրը:

Նրա խոսքով, թալիբներին հաջողվել է Դերբենդ-Գարանի, Գյուլբահար և Շատալ շրջաններում ոչնչացնել հակառակորդի 11 կրակագիծ:

Ազգային դիմադրության ուժերը երեկ հերքել են Փանջշիրի կիրճի ծայրամասում թալիբների կողմից վեց դիրքեր գրավելու մասին տեղեկությունները:

ԱԴՃ-ի ներկայացուցիչ Ֆահիմ Դաշտին լրագրողներին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում թալիբները մի քանի հարձակումներ են իրականացրել Փանջշիրում, սակայն պարտվել են: Նրա խոսքով ՝ առնվազն 40 թալիբ է սպանվել, ևս 35 –ը` վիրավորվել:

Դժվար է կանխատեսել, թե Աֆղանստանում նոր- նոր սկսված քաղաքացիական պատերազմը մինչև երբ կտևի, ինչ-որ առումով նույնիսկ պատերազմի վերջնական արդյունքն է դժվար կանխատեսելի: Այնուհանդերձ, շատ ավելի հավանական է, որ պատերազմը կավարտվի անհամեմատ ավելի մեծ մարդկային ու զինական հնարավորություններ ունեցող «Թալիբան»-ի հաղթանակով:

ԱԴՃ-ի հիմնական առավելությունն այն է, որ մայրաքաղաք Քաբուլից ավտոմեքենայով մոտ 1 ժամվա հեռավորության վրա գտնվող, հիմնականում աֆղանական տաջիկներից բաղկացած շուրջ 173 000 բնակչություն ունեցող, լեռներով շրջապատված Փանջշիր նահանգը, որտեղ պատսպարված և ամրացած են դիմադրության ուժերը, պաշտպանության համար աշխարհագրական գրեթե իդեալական դիրք ունի: Լեռնային հովիտը ձգվում է 130 կիլոմետր: Կիրճի միակ ճանապարհը ձգվում է գետի երկայնքով ու շրջապատված է մինչև 6 հազար մետր բարձրության լեռներով: Նման պայմաններում հարձակողական գործողություններ վարելը չափազանց դժվար է:

Հիմնականում հենց վերոնշյալ հանգամանքով, նաև Փանջշիրի բնակչության հպարտության և ինքնահարգանքի հզոր ոգով է պայմանավորված այն փաստը, որ Բրիտանական կայսրության նույնիսկ լավագույն ուժերը 19 -րդ դարում չեն կարողացել կիրճ մտնել: 1980 -ականներին Փանջշիրի հովտում մոջահեդները Ահմադ շահ Մասուդի հրամանատարությամբ հաջողությամբ դիմակայել են խորհրդային զինվորներին: Եվ հենց Փանջշիրն է միակ նահանգը եղել, որտեղ 1996-2001 թթ. Աֆղանստանի գրեթե ամբողջ մնացած հատվածը վերահսկող թալիբները չեն կարողացել մտնել ու հաստատել իրենց վերահսկողությունը` հանդիպելով Մասուդ ավագի հրամանատարությամբ կռվող Հյուսիսային դաշինքի հզոր դիմադրությանը:

«Թալիբան»-ի հիմնական առավելությունն իր շարքերում կռվող գրոհայինների (մոտ 80 000) առավել քան հնգապատիկ քանակական գերազանցությունն է ԱԴՃ-ի մարտիկներին, որոնք ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համաձայն, 13-15 հազարի սահմաններում են:

Թողնենք մանրամասները ու փորձենք հասկանալ, թե սկսված գործընթացներն ուր են տանելու կամ ուր կարող են տանել: Նախ պարզ է, որ քանի դեռ «Թալիբան»-ը զբաղված կլինի Աֆղանստանում ներքին պատերազմով ու, բնականաբար, այդ ընթացքում լուրջ կորուստներ կունենա և կթուլանա, այդքան ժամանակ միջինասիական հանրապետությունները, ՀԱՊԿ-ն, Ռուսաստանը և Հայաստանը կխուսափեն «Թալիբան»-ից իրենց սպառնացող վտանգներից և ժամանակ կունենան համապատասխան գործողություններ ձեռնարկելով, դրանց նախապատրաստվելու:

Երկրորդ. Աֆղանստանում սկիզբ առնող քաղաքացիական պատերազմը և այդ երկրի բնակչության նկատմամբ դրա ծանր հետևանքները, այլ նահանգներում «Թալիբան»-ի կողմից բնակչության մի մասի նկատմամբ կտտանքներով ու սպանություններով ուղեկցվող բռնաճնշումները գրեթե զրոյականի կհասցնեն «Թալիբան»-ի կամ Աֆղանստանի ներկայիս իշխանության միջազգային ճանաչման ու նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հավանականությունը ՄԱԿ-ի անդամ շատ պետությունների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից:

Երրորդ. արտաքին քաղաքական միջավայրում «իզգոյի» կարգավիճակում գտնվող «Թալիբանը» վերոնշյալից հետո առավել ևս կամրապնդվի իր ներկայիս` ծայրահեղական, արմատական և ահաբեկչական կազմակերպության կարգավիճակում և առավել մեծ վտանգ կներկայացնի աշխարհի մի շարք պետությունների, նրանց թվում նաև միջինասիական հանրապետությունների, Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ այլ պետությունների նկատմամբ:

Չորրորդ. քաղաքացիական պատերազմից հետո Աֆղանստանը կհայտնվի սոցիալ- տնտեսական առավել ծանր, կարելի է ասել նույնիսկ թշվառ վիճակում, և երկիրը մի կերպ կառավարել կարողանալու համար «Թալիբանն» առավել մեծ չափով, քան նախկինում, զարկ կտա թմրամիջոցների արտադրությանը և արտահանմանը, ինչը մեծ վտանգ է ներկայացնում նաև Հայաստանի և Ռուսաստանի համար (այս թեմային առաջիկայում թերևս կանդրադառնանք առանձին հրապարակմամբ):

Ահա Աֆղանստանում ԱՄՆ-ի եփած «կաշայի» հետևանքների ողջ ամբողջական ցանկը:

Արթուր Հովհաննիսյան