Արարատում տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո «Էրեբունի» ԲԿ տեղափոխված տուժածներից 5-ի վիճակը ծանր է

Այսօր առավոտյան Արարատի մարզի Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 16 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

ԲԿ-ից հայտնում են, որ տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրանց վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուսները հոսպիտալացվել են կենտրոնի տարբեր բաժանմունքներ, այդ թվում՝ վնասվածքաբանական, վիրաբուժական, նյարդավիրաբուժական՝ ախտորոշման և հետագա բուժօգնության նպատակով: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Պարզվել է, որ «FAV» մակնիշի (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1959 թ․) Գետազատ-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ ՃՏՊ-ի հետևանքով 18 տուժած հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար։ Տուժածներից 14-ը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ, իսկ 1-ը՝ Մասիսի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը, այնուհետև արգելափակված 2 ուղևորի դուրս բերել ավտոբուսից։