Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձև, լինելու է կանգուն․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել ԱՀ անկախության օրվա առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով՝ լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով:

Պատմությունն ապացուցել է, որ որևէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի՝ հաղթանակներով թրծված ոգին։

Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով։ Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձև, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ։

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին։ Արցախյան վերազարթոնքի սպասումով՝ մաղթում եմ խաղաղություն և բարօրություն»: