Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա. քաշաթաղցիների բողոքի ակցիան (տեսանյութ)

Քաշաթաղի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, որոնք պահանջում են վերադարձնել իրենց տները, կամ արժանապատիվ փոխհատուցում տալ:

«Արդեն մեկ տարին լրանում է, ոչ մի ռեալ պատասխան կառավարությունից չենք ստացել: Մենք էլ ոչ մի տեղ էստեղից չենք գնա, մինչև դրական պատասխան չտան: Եթե դրական պատասխան չեղավ, վրաններ ենք դնելու էստեղ:

Մեր պահանջը հետևյալն է. թող գան հստակ ասեն, որ էսինչ ամսին, էսինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Ոչ թե տարբեր տեղերից լսենք, որ մեկը տոպրակներով դոլարներ է տանում: Կամ էլ թող մեքենաները նստեցնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որ կամ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կամ փախստականի կարգավիճակ տան, արտահանեն:

Մեր երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ում համար են ծառայում, կռիսների՞, ոհմակների՞, թե անասունների: Մենք չենք ուզում Երևանի մեջ մնանք, մերը հողն ու ջուրն է, տվեք հող, ջուր, գնանք ապրենք: Եթե չէ, տվեք փախստականի կարգվիճակ ու ժամանակ տվեք, որ հեռանանք: Իմ տունը վերադարձնում են ինձ Հայաստանում, Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նա նկատեց, որ Արայիկ Հարությունյանն իրեն շատ լավ է ճանաչում, քանի որ առաջին պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին. «Էս պատերազմի ժամանակ գնացել եմ Իշխանաձոր, զենք եմ պահանջել, չտվին: Իսկ իրենք միայն գլուխները կախ դոլարների ու դրամների հետևից են ընկել:  Ինչու գերիների մասին չեք մտածում: Գոնե խիղճ ունեցեք՝ կամ ինքներդ ձեզ գնդակահարեք, կամ դիմում գրեք, հեռացեք: Մարդ եղեք»:

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում