Ուրեմն էդպես է պետք. քաղաքական որոշում է կայացվել. ԲՏԱ նախարարը՝ Արցախ չայցելելու մասին

Ուրեմն որոշում կա, էդպես է պետք. քաղաքական որոշում է կայացվել այդ ձևով անել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախ չի այցելել, իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրել է արձակուրդ մեկնել:

«Ինչ-որ այլ բաներ մի փնտրեք, նորմալ է։ Ես կարծում եմ՝ որևէ խնդիր չկա: Հայաստանի իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա  հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել: Կարծում եմ՝ պետք չի մեծ պրոբլեմներ շինել»,-ասաց Խաչատրյանը՝ հորդորելով այդ հարցերով դիմել վարչապետի մամուլի ծառայությանը:

Հիշեցմանը, որ վերջին բարձրաստիճան պաշտոնյան, որ ոտք է դրել Արցախ, եղել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, որից հետո Ադրբեջանը սպառնացել է, որ որևէ բարձրաստիճան հայ պաշտոնյա չպետք է ոտք դնի Ղարաբաղ, արդյոք մեր իշխանությունները վախենում են այցելել Արցախ, նախարար Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ վախով է պայմանավորված: Ես չեմ կարծում՝ պարտադիր է, որ բոլորս վեր կենայինք, գնայինք»: