Կութ գյուղի միակ առաջին դասարանցին հեծանիվով դասի է գնում ադրբեջանցիների նշանառության տակ գտնվող ճանապարհներով. aravot.am

aravot.am-ը գրում է. «Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն անընդհատ կրակում են:

Իսկ Կութ գյուղի միակ առաջին դասարանցի Ժիրայրը իր սիրելի փոխադրամիջոցով՝ հեծանիվով ադրբեջանցիների նշանառության տակ գտնվող ճանապարհներով եկել էր դպրոց:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անձամբ էր այցելել Կութ՝ Ժիրայրին շնորհավորելու Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ժիրայրը քչախոս էր: Նվերները ստացավ, լսեց նախարարի կատակները՝ իր հետաքրքիր սանրվածքի մասին, թե՝ «բոլորը նույն վարսավիրի մո՞տ են մազերը կտրել, տենդե՞նց է ինչ-որ, թե՞ Կութի խորհրդանիշն է» ու լրագրողները որքան էլ համոզեցին՝ Ժիրայրը հարցազրույց չտվեց, միայն ասաց, որ ոստիկան է դառնալու ու սկսեց ամոթխած ժպտալ:

Կութ գյուղի դպրոցում մի դասարանում առաջին, երկրորդ, երրորդ դասարանի աշակերտները միաժամանակ են դաս անում: Աշակերտների թիվը քիչ է՝ մեկ-երկու աշակերտ՝ ամեն դասարանում:

Ժիրայրի ուսուցչուհին՝ Լիանա Ղարիբյանն ասաց, որ շատ դժվար է այդ պայմաններում պարապել երեխաների հետ. «Շատ բարդ է, բայց այդպես է ստացվել: Աշակերտների թվից կախված՝ պետք է այդպես նստեն եւ վճարվում ենք՝ որպես մեկ դասարան: Ժաննա Անդրեասյանի հետ զրուցում էինք նոր, հնարավոր բոլոր միջոցները կօգտագործենք, որ գոնե առաջին դասարանցիները առանձին նստեն, շատ կարեւոր է: Տառուսուցման շրջան է, գոնե մաթեմատիկա, մայրենի առարկաների ժամանակ առանձին նստեն»:

Ինչպես տարրական դասարաններում, բարձր դասարաններում նույնպես միասին են դաս անում այն. «Չունենք առանձնացված դասարան, բոլորն են այդպես: Բոլոր դասարանները կա՛մ երկկազմ են, կա՛մ եռակազմ»:

Ուսուցչուհին ասաց, որ երբ ադրբեջանցիները կրակում են, խուլ ձայներ են լսվում: Հարցին՝ ունե՞ք ապաստարաններ, որտեղ կարող եք պատսպարվել կրակոցների ժամանակ՝ նա պատասխանեց, որ դեռ առիթ չի եղել պատսպարվելու, բայց գրանցված նման տարածքներ կան. «Բոլորս ենք թիրախի տակ, բայց սովորել ենք, չենք վախենում»:

Աշակերտներին խորհուրդ են տվել ամեն դեպքում դպրոցից դուրս գալ առանձին-առանձին, կուտակումներ թույլ չտալ, որ թիրախ չդառնան»: