Կապիտուլյանտ հողատուի իշխանությունը Հայաստանը հետևողականորեն տանում է կապիտուլյացիոն նոր և առավել աղետալի պայմանագրի ստորագրման

Այսօր սպանված Գեղամ Լյովայի Սահակյանը «խաղաղության պայմանագիր» կոչվածի մեր հերթական զոհն է

 Կապիտուլյանտ հողատուի իշխանությունը Հայաստանը համառորեն, հետևողականորեն և անշեղորեն տանում է կապիտուլյացիոն նոր և առավել աղետալի պայմանագրի ստորագրման, որն հորջորջված ու հայտնի է իբրև «խաղաղության պայմանագիր» անվանմամբ: Հենց այս նպատակին են ծառայում 2020թ. նոյեմբերի 9-ից և, հատկապես, 2021թ. մայիսի 12-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀՀ իշխանությունների դավաճանական թողտվությամբ ծավալվող հայտնի իրադարձությունները, դրանց առնչվող գործընթացները և ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև նրա քաղաքական թիմից այլոց հակահայ ելույթները:

Նույն նպատակին են ծառայում նաև Ադրբեջանի կողմից Գորիս- Կապան մայրուղու Կարմրաքարի և Շուռնուխի հատվածները փակելու առնչությամբ այնտեղ գտնվող բնակավայրերի հայկական տեղանունների օգտագործումից ՀՀ կառավարության 27.08.2021թ. նիստի իր ելույթում Նիկոլի հրաժարվելը և դրանք թուրքական տեղանուններով (Էյվազլի և Չայզամ) հիշատակելը:

Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ օրերս համատեղ ասուլիսին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի ասածը, թե ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում, եթե նույնիսկ սուտ չէ, ապա որևէ նշանակություն չունի, քանի որ վերոնշյալ նպատակով գաղտնի բանակցությունները կամ նախորդել են Լավրովի հետ Միրզոյանի հիշյալ հանդիպմանը, կամ, ըստ ամենայնի, սկսվելու են շուտով: Հենց ինքը` ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը, նույն ասուլիսի ընթացքում չի բացառել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ավելին` ուղիղ պատասխան չի չտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին հարցին:

Եվ եթե ուզում եք հասկանալ, թե այսօր հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանի սպանությունն ինչ նպատակ է հետապնդում, և ՀՀ զինված ուժերն ինչո՞ւ չեն պատասխանել Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակին (հակահարվածի, առավել ևս` թշնամուն կորուստ պատճառելու մասին որևէ տեղեկություն չկա ՊՆ կոչվածի այսօրվա հաղորդագրությունում), դարձյալ այդ պատասխանը փնտրեք «խաղաղության պայմանագիր» կոչվածի հետ կապված ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության դավաճանական քաղաքականության մեջ:

Եթե Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը հայ-ադրբեջանական սահմանին մեր դիրքերի, ինչպես նաև բնակավայրերի, խաղաղ բնակչության ուղղությամբ հաճախակի արձակվող կրակոցներով,  սպանություններով, վիրավորումներով, հրկիզումներով, մարդկանց գերեվարումներով և անասունների գողություններով, առևանգումներով Հայաստանին կապիտուլյացիոն նոր պայմանագրի ստորագրումը պարտադրելն է, ապա Նիկոլի և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդ ամենի առնչությամբ որոշ դեպքերում հանցավոր անգործություն դրսևորելու, որոշ դեպքերում էլ Ադրբեջանի դեմն առնելու համար համապատասխան, համարժեք գործողություններ չձեռնարկելու և պայքարի երևութականություն ստեղծելու նպատակն Ադրբեջանի վերոնշյալ նկրտմանը դավաճանաբար տուրք տալն է և 2018թ. սեպտեմբերին, Նիկոլի իսկ բառերով, իր վրա «նորմալ, դրական», «կիրթ մարդու» տպավորություն թողած Ալիևի հետ «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումը:

Ինչպես արդեն նշել եմ նախկինում հրապարակված իմ հոդվածներից մեկում, սահմանին ստեղծված հայտնի իրավիճակն ունի մի քանի նպատակներ: Դրանցից մեկը ՀՀ բնակչության հոգեբանական մշակումն է, որպեսզի բազմաթիվ զոհեր. վիրավորներ ու հաշմվածներ ունենալու, հրկիզումներով և այլ կերպ տնտեսությանը պատճառված վնասների հետևանքով մշտապես նյարդային ու լարված վիճակում գտնվող բնակչության հնարավորինս մեծ մասը չընդդիմանա կապիտուլյացիոն նոր և առավել աղետալի պայմանագրի ստորագրմանը, իր ազգային անվտանգությանը, Հայաստանի ապագային և արժանապատվությանը հասցված այդ նոր հարվածը նույնպես կուլ տա:

ՊՆ կոչվածի այսօրվա հայտարարության համաձայն, «Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը»։

Հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել ՊՆ կոչվածի հաղորդագրության հատկապես վերջին պարբերության վրա.

«Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»։

«ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչված «կանտորան», ինչպես նախկինում տարբեր առիթներով բազմիցս ստել է, հիմա էլ ստում է հերթական անգամ: Ստո՛ւմ է, թե ադրբեջանական կողմի գործողություններն անպատասխան չեն մնա, որովհետև պատասխան տվողն այդ պատասխանը տված կլիներ հենց այսօր, ընդ որում, ասիմետրիկ պատասխան տված կլիներ` սպանված մեկ հայորդու դիմաց, ասենք, 10 թուրք սատկացրած կլիներ, որպեսզի թշնամուն դաս լիներ, նախահարձակ գործողություններից առաջ լավ մտածեր ու հրաժարվեր դրանցից:

Մինչդեռ, ՊՆ կոչվածի հիշյալ հաղորդագրությունում թեկուզ անարդյունք, բայց նույնիսկ պատասխան կրակի մասին խոսք չկա, ադրբեջանական կողմի գործողություններն անպատասխան չթողնելու հերթական սին խոստումն է միայն, որի նմանները նախկինում բազմիցս են եղել: Վերևից, հավանաբար, տրվել է չկրակելու դավաճանական հրաման, որպեսզի «չխանգարենք բանակցային գործընթացին»։

Արթուր Հովհաննիսյան