Քաբուլը լքելուց հետո ԱՄՆ ներկայության հիմքերը սասանվում են ոչ միայն Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում

Համաշխարհային բոլոր լրատվամիջոցները հայտնում են, որ օգոստոսի 31-ի լույս գիշերը ամերիկյան զորքերը լքել են Քաբուլի օդանավակայանը: «Թալիբները» հաստատեցին դա, իսկ ավելի ուշ դա ընդունեց նաև Պենտագոնը: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գլխավոր հրամանատար, գեներալ Քենեթ Մաքենզին իր ճեպազրույցում հայտարարեց «Թալիբանի»  հետ համագործակցելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին: Մյուս կողմից, նա խոստացավ որոշ «ագրեսիվ բանակցություններ». «Կարծում եմ, որ մենք շատ ագրեսիվ բանակցություններ ենք վարելու մեր աֆղան գործընկերներին նույնպես տարհանելու համար»: Այսինքն՝ ԱՄՆ-ը ցանկանում է «իր հետ տանել» և իրենց աֆղանական խամաճիկներին:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ընդունեց Աֆղանստանի վերաբերյալ բանաձևը, որը պատրաստել է Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի համահեղինակությամբ։ Այն կոչ է անում այդ հանրապետությունում իշխանությունը զավթած «թալիբներին» ապահովել աֆղան և օտարերկրյա քաղաքացիների անվտանգ ելքը: Փաստաթղթի օգտին քվեարկել է 13 անդամ, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել: Մոսկվայի և Պեկինի պատճառները, սկզբունքորեն, նմանատիպ են: Բայց ՄԱԿ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Գենգ Շուանգը ավելի կարճ և հստակ խոսեց այն պատճառների մասին, որոնք, ըստ էության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին չաջակցելու պատճառներն են. «Քաոսը, որը տիրեց այսօր Աֆղանստանին, անմիջականորեն կապված է օտարերկրյա զորքերի հապճեպ և անխտիր դուրսբերման հետ: Հուսով ենք, որ շահագրգիռ երկրները կհասկանան, որ սա ոչ թե պատասխանատվության ավարտն է, այլ՝ սխալների ընկալման և ուղղման սկիզբն է»,- օգոստոսի 31-ին հայտնել է չինական պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը:

Բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ուշադրություն դարձնեն այն փաստին, որ երբ ամերիկացիներն իրականում փախան Աֆղանստանից, դրանով իսկ ընդունելով իրենց ռազմական պարտությունը, սկսեցին բավականին հետաքրքիր իրադարձություններ տեղի ունենալ: Այսպիսով, ինչպես օգոստոսի 31-ին հաղորդեց սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով լիբիական լրատվամիջոցների կողմից հրապարակված լիբիական (բեդուին) ցեղերի հայտարարությունը, լիբիացիները պաշտոնապես մեղադրեցին Թուրքիային՝ Լիբիա և Թունիս վարձկաններ և ահաբեկիչներ ուղարկելու մեջ, ինչը փաստագրված և հայտնի է համաշխարհային հանրությանը: Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լիբիայում և Թունիսում երիտասարդության շրջանում աշխատելու համար օգտագործում է ազդեցության գործակալներին՝ տարբեր դիվերսիոն գործողությունների համար: Լիբիացիները պահանջում են, որ բոլոր թուրքերը լքեն իրենց երկիրը և ամբողջ Հյուսիսային Աֆրիկան, ինչպես նաև՝ որպեսզի միջազգային հանրությունը վերջ տա Թուրքիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությանը:

Ոգեշնչված են և Եմենում: Եմենի Գերագույն հեղափոխական կոմիտեի նախագահ Մոհամմադ Ալի ալ-Հուսին կոչ է արել ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային պատրաստվել Եմենից զորքերը դուրս բերելու համար, օգոստոսի 3-ին հայտնել է իրանական Fars News-ը: «Անսար Ալլահ» շիա կազմակերպության ներկայացուցիչ Ալ-Հուսին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Աֆղանստանից ամերիկացի վերջին գաղութարարների հեռանալու հետո,  ես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին և իրենց Սաուդյան Արաբիայի դաշնակցին նույնպես լքել Եմենը և մշակել համապատասխան ծրագիր, որպեսզի Եմենի ժողովուրդը կարողանա ապրել կայուն և օկուպացիայից ու խնամակալությունից հեռու: Եմենի բնակչությունը երբեք չի ընդունի օկուպացիան և խնամակալությունը, անկախ նրանից, թե որքան երկար կտևեն հակամարտություններն ու առճակատումները: Եմենը կդառնա գերեզմանոց ագրեսորների համար»: Նախկինում հութիները պահանջում էին Եմենից դուրս բերել միայն Սաուդյան Արաբիայի զինվորականներին, իսկ այժմ՝ նաև բոլոր ամերիկացիներին: Եվ եթե Եմենի այս պահանջը համեմատվի Լիբիայի պահանջների հետ (Հյուսիսային Աֆրիկայից Թուրքիայի հեռանալու վերաբերյալ), ապա կարելի է ենթադրել, որ Աֆղանստանի նոր իրավիճակը, որի համար Չինաստանը պատասխանատվություն է դրել Արևմուտքի և ՆԱՏՕ-ի վրա, շուտով կսկսի «պայթեցնել» ամերիկյան ներկայության հիմքերը ոչ միայն Արևմտյան Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Իհարկե, այս նոր «ալիքը» կհարվածի նաև ԱՄՆ-ի խամաճիկներին, ինչպիսիք են, օրինակ՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան․․․

Սերգեյ Շաքարյանց