Թալիբներն Աֆղանստանում նշանակել են ԱԳՆ-ի, պաշտպանության նախարարության և ՆԳՆ-ի ղեկավարներին

Աֆղանական «Թալիբան» արմատական շարժումը ձևավորում է իր կառավարությունը, արդեն հայտնի են առաջին նշանակումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին հաղորդել է Khaama լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով շարժման աղբյուրներին:

«Ըստ այդ աղբյուրների, մոլլա Աբդել Ղանի Բարադարը նշանակվել է արտաքին գործերի նախարար, մոլլա Յակուբը՝ թալիբների հիմնադիրի որդին, նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Խալիֆա Հաքանին՝ Ջալալուդդին Հաքանիի որդին, որը «Հաքանի» ահաբեկչական ցանցի հիմնադիրն է, նշանակվել է ներքին գործերի նախարար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թալիբների պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունը, խոստանալով, որ թալիբների կառավարության կազմը կհայտարարվի մոտ ժամանակներս: Դրանից առաջ շարժման մամուլի քարտուղար Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ում հաղորդել էր, որ Ղանդահարում շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադեի նախագահությամբ երեք օր նիստ է գումարել «Թալիբան»-ի ղեկավար խորհուրդը. «քննաարկվել են քաղաքական, սոցիալական և տնտեսական հարցեր», այդ թվում նաև՝ ապագա կառավարությանը վերաբերող:

«Ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են բնակիչների ունեցվածքի պաշտպանությանը, մարդկանց լավ վերաբերվելուն, ինչպես նաև երկրում նոր իսլամական կառավարության ձևավորմանը: Այդ հարցերի շուրջ անցկացվել են անհրաժեշտ կոնսուլտացիաներ»,-նշել է շարժման մամուլի քարտուղարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: