Պուտինը պատմել է, թե ինչ էր երազում դառնալ մանուկ հասակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ մանկության տարիներին մտածում էր նավաստի կամ օդաչուի և նույնիսկ հետախույզի մասնագիտության մասին, ինչը նրան հաջողվեց իրականացնել, բայց ամենակարևորը՝ նա ցանկանում էր ծառայել Հայրենիքին, և այդ առումով նրա երազանքն իրականացվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վլադիվոստոկի «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնի դպրոցի սաների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասնակիցներից մեկը հարցրեց, թե ինչի՞ մասին է նա երազել, և արդյո՞ք իր երազանքներն իրականացել են:

«Ինչպես շատ տղաներ, ես ուզում էի սկզբում նավաստի դառնալ, հետո օդաչու, հետո հետախույզ. ես ուզում էի դառնալ և իրականացրեցի այդ պլանը, կյանքն այդպես դասավորվեց: Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա իրականում բարդ հարց է, չի կարելի պարզապես գալ և ասել՝ ուզում եմ հետախույզ դառնալ, և քեզ վերցնում են հետախուզություն: Այդպես կարծես թե չի լինում, բայց ես դա արեցի»,- պատմել է ՌԴ նախագահը:

Բայց նա շեշտել է, որ դա ամենևին էլ գլխավորը չէ, գլխավորն այն է, որ դպրոցը, ընտանիքը և միջավայրը կենտրոնացած էին Հայրենիքին ծառայելուն նվիրվելու վրա:

«Եվ այսօր ես հենց դրանով եմ զբաղված: Կարծում եմ, որ այդ առումով ինձ հաջողվել է հասնել նրան, ինչի մասին ես երազում էի»,- հավելել է Պուտինը: