Ի՞նչ սերունդ ենք դաստիարակում՝ հայրենասե՞ր, թե անհայրենիք, արժեքներ կրո՞ղ, թե նյութապաշտ (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լիա Ավետիսյանն է:

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի, գրի և դպրության օրն է: Մեր ժողովրդի արժեհամակարգը բնութագրող տոների շարքում է Գրի և դպրության, Գիտելիքի օրը, ինչպես Մայրենի լեզվի օրն է, ինչպես Թարգմանչաց տոնն է: Ի դեպ, բացառիկ ազգերից ենք, որ ունենք Թարգմանչաց տոն: Եվ հայոց գրերի գյուտից հետո՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից Աստվածաշնչից գրավոր արված առաջին նախադասությունը դարձյալ գիտելիքի, դաստիարակության կարևորության մասին է․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Հայ մեծերը բարձր են գնահատել կրթության դերը. «Տվեք ինձ ներցեղային բարոյականով առաջնորդվող մի հատիկ սերունդ, և ես կապահովեմ Ազգիս տեղը արևի տակ»: Սրանք Նժդեհի խոսքերն են, որում խտացված ներկայացվում է կրթության, դաստիարակության հզոր ուժը ազգի հարատևման գործում: Այսօրվա հրամայականն է նաև Նժդեհի մեկ այլ պատվիրան. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»:

Մեր մեծերը կրթությունը մշտապես դիտել են ազգային դաստիարկության ամենակարևոր գործոնը: Հովհաննես Թումանյանն ասում է․ «Յուրաքանչյուր ժողովրդի գոյապահպանման երաշխիքները ինքնաճանաչման ազդակներն են՝ լեզուն, դպրոցը, գրականությունը», և շեշտում էր․ «Դրանք հենց այնպես չեն զարգանում, դրա համար ազգային պաշտպանություն, ազգային հոգածություն է պահանջվում»:

Այս խոսքերը Թումանյանն ասում էր այն ժամանակ, երբ մենք չունեինք պետություն, և դրա համար էր շեշտում միայն ազգային հոգածության կարևությունը: 30 տարի առաջ ստեղծեցինք մեր անկախ պետությունը, բայց, արդյո՞ք, կրթությունը, ազգի դաստիարակությունը դարձավ պետության հոգածության առարկա:

Ի՞նչ հենքի վրա դրեցինք մեր կրթությունը, բանաձևեցի՞նք, թե կրթությամբ ինչպիսի սերունդ ենք ուզում ունենալ. հայրենասե՞ր, թե կոսմոպոլիտ, ազգայինը պահպանող ու դրանով հպարտացո՞ղ, թե դրանք նվաստացնող ու անհայրենիք, նյութապաշտ, օտարամոլ մարդիկ:

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։