ԱՆ խորհրդականը դարձել է Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ

Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Շանթ Շեխերդիմյանին Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի տեղակալ դառնալու առթիվ: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից:

Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի (DGSOM) մանկական վիրաբույժ, ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը նշանակվել է Կալիֆորնիայի համալսարանի «Promise Armenian Institute»-ի ղեկավարի՝ հանրային առողջապահության գծով առաջին տեղակալ:

Նոր պաշտոնում Շանթ Շեխերդիմյանը կղեկավարի հանրային առողջապահական հետազոտությունները, կմշակի UCLA համալսարանի դասախոսների և ուսանողների համար կրթական և հետազոտական հնարավորությունները, կկենսագործի  UCLA-ին առնչվող առողջապահական նախաձեռնությունները և կուսումնասիրի ՀՀ առողջապահական համակարգի բարելավման գործում «UCLA Global Health» ծրագրի այլընտրանքային մոդելները:

Ծրագրված աշխատանքներն իրականացնելու համար Շանթ Շեխերդիմյանը կաշխատի նաև որպես ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

«Բժիշկ Շեխերդիմյանը Հայաստանում մատուցված ծառայությունների մեծ փորձ ունի, ուստի շատ ուրախ ենք ողջունել նրան խորհրդականի պաշտոնում», – ասել է  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: